«Դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը կհանգեցնի դեղերի թանկացման»
ԱԺ-ն հունիսի 18-21-ն արտահերթ նիստում միանգամից 2 ընթերցմամբ, հրատապ ռեժիմով ընդունել է կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունները: Ըստ այդմ՝ այս տարվա նոյեմբերի 1-ից դեղերը պետք է պարտադիր դրոշմավորվեն: Դեղեր ներմուծող և դեղ արտադրող տեղական ընկերություններն օրենքի այս փոփոխությունն ընդունեցին տարակուսած. աշխարհի և ոչ մի երկրում նման նախադեպ չկա: «Դեղերի պարտադիր դրոշմավորումը կաթվածահար կանի ոլորտը և կհանգեցնի դեղերի թանկացման»,- վստահ է «Ֆարմատեք» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահան Արուշանյանը:
– Պարոն Արուշանյան, առաջինը, ինչ այս օրենքի վրա ուշադրություն է սևեռում, այն է, որ այն ընդունվել է հրատապ ռեժիմով, առանց որևէ քննարկման և տեսակետ լսելու ցանկության: Ֆինանսների նախարարությունը հիմնավորում է, որ պարտադիր դրոշմապիտակավորումը դեղերի ստվերային շրջանառությունը կանխելուն է միտված:
– Շատ վեհ ու լավ գաղափար է ստվերի դեմ պայքարելու ցանկությունը, բայց որքանո՞վ կծառայի իր նպատակին: Եթե վերահսկենք մաքսատունը և փակենք ստվերի ճանապարհը դեպի Հայաստան, խնդիրն ավտոմատ կլուծվի: Փոխանակ դա անելու՝ կառավարությունը մեզ ստիպում է կատարել լրացուցիչ, նկատենք՝ ոչ նպատակային ծախսեր, վարձել լրացուցիչ աշխատուժ, մտնել անիմաստ ու անպտուղ մի աշխատանքի մեջ: Հետևաբար` դեղերի պարտադիր դրոշմավորումը, բացի այն, որ չի ծառայելու և ոչ մի կերպ չի նվազեցնելու սև շուկան, նաև հանգեցնելու է դեղերի թանկացմանը:
– Պետության և ընկերությունների կատարվելիք ծախսերի բեռն, ի վերջո, ընկնելու է սպառողների վրա: Տարեկան առնվազն 150 միլիոն դրոշմավորման ենթակա միավոր դեղերին դրոշմապիտակներ փակցնելը ձեռքի մանրակրկիտ աշխատանք է:
– Գործ ունենք սպեցիֆիկ ապրանքի հետ. չմոռանանք, որ դեղերն ունեն պահպանման հատուկ պայմաններ, որոնք պետք է պահպանվեն ցանկացած գործողության ժամանակ: Ունենք դեղեր, որոնք պահվում են հատուկ՝ 2-8 աստիճան ռեժիմում, հատուկ սառնարանային պայմաններում: Եվ դրոշմապիտակավորումն էլ պետք է անել նույն պայմաններում: Դրոշմապիտակավորումն իրականացնելու համար հարկավոր է մի քանի տասնյակ նոր աշխատող: Որպես տեղական արտադրող՝ ես, փաստորեն, պետք է դրոշմապիտակավորեմ միայն ՀՀ-ում սպառվող իմ դեղերը: Իմ հոսքագիծն այնպես է նախատեսված, որ ինձ համար տեխնիկապես բարդ է այն մեջտեղից պոկել և արանքում ավելացնել դրոշմապիտակավորման ֆունկցիան: Սակայն սա էլ դեռ խնդրի մի կողմն է:
Քանի որ ի սկզբանե տեղյակ չեմ՝ իմ կողմից արտադրված սպեցիֆիկ տուփը վաճառվելու է Հայաստանո՞ւմ, թե՞ արտահանվելու է, ես, փաստորեն, պետք է ունենամ 2 տարբեր արտադրանք: Իմ ապրանքային պաշարները ես արհեստականորեն պետք է ավելացնեմ, հետևաբար՝ իմ ֆինանսները սկսելու են ավելի քիչ պտտվել, դա էլ իր հետ բերելու է նրան, որ ֆինանսական ծախսերը կընկնեն ամեն տուփի վրա:
Կառավարությունը մի քանի տարի առաջ ընդունեց ռեէքսպորտի թույլատրման մասին որոշում. այդպիսով՝ հնարավորություն է ստեղծվում դեղեր ներմուծել ոչ թե անմիջապես արտադրողից, այլ երրորդ՝ ավելի էժան աղբյուրից: Նպատակը՝ դեղերի մատչելիությունն էր: Մեզ ստիպելով դրոշմակնքել դեղերը՝ ինքներս զրկվում ենք դեղերն այլ երկրներ ռեէքսպորտ անելու իրավունքից: Այսինքն՝ արդեն անհավասար պայմաններում ենք հայտնվում մեր մրցակիցների հետ: Չօգտագործված հնարավորությունը բերելու է նրան, որ ստիպված պատվիրելու ենք դեղեր միայն Հայաստանի համար, այսինքն՝ ավելի քիչ քանակներ, հետևաբար՝ ամեն միավոր արտադրանքի գինն ու մնացած ծախսերը, որոնք կատարվում ՀՀ-ում, կսկսեն ավտոմատ բարձրանալ: Եթե նայենք գնագոյացման վրա ազդող ուղղակի և անուղղակի գործոնները, դրանք ինքնաբերաբար բերելու են գնի բարձրացմանը:
– Հնարավոր չէ՞ դրսի արտադրողների կողմից Հայաստանի համար նախատեսվող քանակների դրոշմավորումը: Կամ՝ մեքենայացնել դրոշմավորման գործընթացը:
– Իրատեսական չէ հույս ունենալ, թե արտասահմանյան ընկերությունները կստանձնեն դեղերի դրոշմավորման պարտականությունը, քանի որ Հայաստանի շուկան փոքր է, նրանք հրաժարվում են: Որպես արտադրող՝ ասեմ, որ մեքենայացումը գրեթե անհնար պրոցես է, քանի որ ինքնաբերաբար պարտավորեցնում է ստանդարտեցնել այն, ինչը պետք է փաթեթավորվի:
ՀՀ-ում ունենք 4-5 հազար գրանցված դեղ՝ յուրաքանչյուրն` իր սպեցիֆիկ փաթեթավորմամբ: Ունենալ 1 կամ 2 մեքենա, որոնք ի վիճակի կլինեն տարբեր՝ կլոր, քառակուսի, տարբեր չափի, քաշի փաթեթների վրա դրոշմակնիք փակցնել, անհնար է: Գործ ենք ունենալու ձեռքի աշխատանքի հետ: Սա նաև բերում է մեկ այլ խնդրի՝ արտադրողներն արգելում են իրենց փաթեթավորմանը ձեռք տալ կամ բացել: Բացի դա՝ օրենքում նշված է, որ ամեն դեղ իր ուրույն դրոշմապիտակը պետք է ունենա՝ ըստ քաշի, չափի, ենթատեսակի, պիտանելիության տարեթվի, ամսվա, ամսաթվի… Ի՞նչ է ստացվում. եթե վերցնենք մեծածախ առևտրով զբաղվող թեկուզ փոքր ընկերություն, նրա ապրանքատեսականին ամենաքիչը 2-3 հազար անվանում կլինի: Ամենաքի՛չը:
Նշանակում է՝ բացի այդ 2-3 հազար անվանում դեղերը դրոշմապիտակավորելը՝ պետք է նաև այդ 2-3 հազար դրոշմանիշերի առանձին հաշվառում վարել, առանձին պահեստային ծառայություն ունենալ, որովհետև օրենքով նախատեսված պատիժը չափազանց խիստ է: Այս օրենքով բարեխիղճ տնտեսվարողների վրա անհարկի ավելանում է թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ հոգեբանական բեռ: Այն դեպքում, երբ օրենքը չի էլ մատնանշում, թե սրանով ինչպես պետք է վերահսկվի սև շուկան: Ցույց չի տալիս, քանի որ օրենքը նման մեխանիզմ չունի էլ. նա, ով աշխատում էր առանց հաշիվ-ապրանքագրի, առանց դրոշմապիտակի, այդպես էլ շարունակելու է աշխատել:
– Ուշադրություն դարձնենք, որ դեղերի պարտադիր դրոշմավորումն աշխարհի և ոչ մի երկրում իր նախադեպը չունի:
– Ինչո՞ւ հորինել հեծանիվ, այն էլ՝ քառակուսի անիվներով՝ վստահ, թե այդպես ավելի արագ եք ընթանալու: Զարգացած երկրներում ունեն սև շուկայի դեմ պայքարելու փորձ և մեթոդներ, որոնք արդյունավետ են և չեն խեղդում գործարարներին: Իսկ այս օրենքը, հավատացնում եմ, մեծ հարված է ոլորտին, որ երկար ժամանակ կամ անդառնալիորեն ուշքի չգա:
– Հենց ֆինանսների նախարարն էր լրագրողին ասել, որ դեղերի ոլորտում ստվերը շատ փոքր տոկոս է կազմում:
– Դեղագործական շուկան այսօր ամենակայացածներից է, եթե հաշվի ենք առնում մրցակցային պայմանները: Այս շուկայի վրա ավելացնել նման անհարկի և ոչինչ չտվող բեռ՝ մտավախություն ունենք, որ շուկան կխարխլվի, նորմալ խաղացողները կսկսեն հեռանալ շուկայից: Դրոշմապիտակավորելն արտադրական պրոցես է, զուտ մեկ դրոշմապիտակ փակցնել չէ: Դա տիտանական աշխատանք է, տիտանական հաշվառում և տիտանական պատասխանատվություն:
– Դրոշմապիտակավորման հիմնավորումներից կարելի՞ է լուրջ համարել կեղծ դեղերի դեմ պայքարը: Կա՞ Հայաստանում կեղծ դեղերի շրջանառություն:
– Եկեք քննենք, թե որտեղի՞ց են Հայաստանում հայտնվելու հիպոթետիկ կեղծ դեղերը: Դրանք կա՛մ ներմուծվելու են, կա՛մ տեղում արտադրվելու են: Տեղում արտադրելն իրատեսական չեմ համարում: Ներմուծման դեպքում դարձյալ գալիս ենք նույն խնդրին՝ մաքսատուն: Եթե մաքսատան խնդիրը չի լուծվում, մյուս բոլոր խնդիրները քննարկելը ժամավաճառություն է: Կա հստակ ճանապարհ՝ ինչպե՞ս կարող են կեղծված դեղերը մտնել Հայաստան ու սպառվել:
Դրանք դրոշմապիտակավորման հետ բացարձակ կապ չունեն: Եթե հաշիվ-ապրանքագիրը չի պաշտպանում կեղծ դաշտից կամ չի բերում սև շուկայի վերացմանը, ապա դրոշմապիտակն այդ հարցը ևս չի լուծի:
– Մաքսային ծառայությունից բացի՝ մաքսատանը դեղերի քննություն է իրականացնում նաև մեկ այլ գերատեսչություն՝ Առողջապահության նախարարությունը: Գուցե կառավարությունում լա՞վ գիտեն, որ մաքսային ծառայությունների հետ գործ ունենալը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
– Եթե մաքսային մարմիններում այդ ռիսկերը կան և կառավարելի չեն, մյուս դեպքում էլ գործ ունենք մյուս պետական մարմնի հետ, ուր կան նույն սողանցքները, բեռ դնել տնտեսվարողի վրա, որպեսզի փակվեն պետական գերատեսչության սողանցքերն ու կոռուպցիոն ռիսկերը, չեմ կարծում՝ ճիշտ է:
– Նկատեցիք, որ պարտադիր դրոշմապիտակավորման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պատճառ կդառնա դեղերի թանկացմանն ու կաթվածահար կանի ոլորտի բնականոն աշխատանքը: Հնարավո՞ր է, որ շատ գործարարներ, պարզապես հոգնած երկրի չինովնիկների հիվանդ ֆանտազիայից, փակեն իրենց գործն ու այն տեղափոխեն հարևան Վրաստան կամ այլ երկիր: Ինչպես, ի դեպ, անում են շատերը:
– Անշուշտ, այդպիսի ցանկություններ կան, ու այս օրենքի ուժի մեջ մտնելուց ավելի կավելանա: Որոշ մաս իր գործունեության մի մասը կտեղափոխի հենց Վրաստան՝ այսպիսի տեխնիկական անիմաստ քաշքշուկներից խուսափելու համար: