«Պարզ երևում է, որ ընդամենը երեկվա իշխանավորները պիտի փոխարինվեն այսօրվա իշխանավորներով»
Վերջերս հաճախ են խոսում այն մասին, որ դրսում ակտիվորեն գործող հայ ավանդական կուսակցություններից մեկը` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ), պատրաստվում է իր կենտրոնը Բեյրութից տեղափոխել Հայաստան և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքին: Այդ և հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին զրուցեցինք ՍԴՀԿ ատենապետ Հակոբ Տիգրանյանի հետ:
– Պարոն Տիգրանյան, խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերն իշխանափոխության կոչեր են հնչեցնում. առհասարակ որքանո՞վ եք իրական համարում իշխանափոխությունը:
– Ես դեռ ամիսներ առաջ էի ասել, որ խորհրդարանական ընդդիմադիր դաշինքն առողջ հիմքերի վրա չէ, այլ գործում է «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով: Ժողովուրդն իր հույսերը հավասարապես կորցրել է թե՛ իշխանության, թե՛ խորհրդարանական ընդդիմության հանդեպ: Նույնիսկ իշխանափոխություն պահանջող հասարակությունը քաջ գիտի, որ եռյակը (կամ քառյակը) ոչինչ չի կարող փոխել: Որովհետև նրանք չեն խոսում համակարգային փոփոխությունների մասին, այլ պարզ երևում է, որ ընդամենը երեկվա իշխանավորները պիտի փոխարինվեն այսօրվա իշխանավորներով:
Իսկ արդյո՞ք երեկ ավելի լավ էր, և ժողովուրդը երեկ ավելի գո՞հ էր, արտագաղթ չկա՞ր, երկիրն ավելի ժողովրդավարակա՞ն էր, մարդու իրավունքները պաշտպանվա՞ծ էին, մենաշնորհներ չկայի՞ն, ընտրությունները թափանցի՞կ էին. նմանատիպ հարցերը կարելի է անվերջ թվարկել: Հետևաբար` երեկն այսօրով փոխարինելու առաջարկները, բնականաբար, ժողովրդի մոտ դրական չեն կարող ընկալվել: Մեր կուսակցությունը ժողովրդի այդ տեսակետի կողմնակիցն է, որն է` արմատական ու համակարգային փոփոխություններ, այսօրը փոխարինել փայլուն ապագայով, այլ ոչ թե` անցյալով:
– Այսինքն` Ձեր կուսակցությունը հանրահավաքին չի՞ մասնակցելու:
– Միանշանակ` ոչ: Գնանք` ի՞նչ անենք: Սա այն հանրահավաքը չէ, որ երկիրը բարեփոխումների է տանելու:
– Վերջերս լրատվամիջոցները լուր տարածեցին, թե Ձեր կուսակցության կենտրոնը տեղափոխվում է Հայաստան: Որքանո՞վ է այս լուրը համապատասխանում իրականությանը:
– Մեր կուսակցության վերջին երկու համագումարներում անհրաժեշտություն է նկատվել կուսակցության հայաստանակենտրոն դառնալու հանգամանքը, և դա ամրագրվել է համագումարներում: Հարցը պարզապես այն գործադրելու մեջ է, որը կենտրոնական վարչության ծրագրերի առաջնային օրակարգում է: Մի խոսքով, մենք համագումարներում ընդունված որոշումն ենք իրականացնելու:
– Իսկ ի՞նչ դիրքորոշում է ունենալու Ձեր կուսակցությունը քաղաքական դաշտում, ասում են, թե հանդես եք գալու` իբրև իշխանամետ ուժ:
– Այդպես ասողները կամ հետին նպատակներ են հետապնդում, կամ էլ Հնչակյան կուսակցությունը լավ չեն ճանաչում: Հնչակյան կուակցությունն իր քաղաքականությունը ճշտում է համագումարներում: Եվ մեր վերջին` 20-րդ համագումարը մեկ անգամ ևս հաստատեց կուսակցության` ինքնուրույն լինելու հանգամանքը: Մենք այն կուսակցությունն ենք, որ ունենք ճիշտը գնահատելու և սխալը դատապարտելու քաջությունը: Որևէ պարտավորություն չունենք ամեն ինչ սևացնելու, կամ` հակառակը:
– Համախոհների կամ կուսակցության հայաստանյան անդամների ոչ հսկայական բանակը հնարավորություն տալո՞ւ է լայնորեն գործել, ինչպե՞ս եք համալրելու Ձեր շարքերը:
– Մենք` որպես գաղափարներ կրող քաղաքական ուժ և որպես սկզբունքների և արժեքների տեր կուսակցություն, անցյալի սխալներով լի ճանապարհն իրավունք չունենք նորից անցնելու: Ուստի, տրանսֆերներով կամ պատահական մարդկանց մուտքը մեր կուսակցություն այսուհետև բացառվում է: Մեր կուսակցության անդամ կարող են դառնալ բացառապես հնչակյան գաղափարախոսությանը, սկզբունքներին ու արժեքներին հավատացողները`առնվազն 3 ամսվա կուսակցական, գաղափարական, դաստիարակչական գործընթաց անցնելուց հետո միայն:
– Պարոն Տիգրանյան, Դուք մասնակցում էիք Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին, այդ խորհրդաժողովներն, ի վերջո, ծառայո՞ւմ են ինչ-որ նպատակի:
– Նախ` պետք է հասկանալ, թե որո՞նք են խորհրդաժողովների նպատակները, և ըստ այդմ` ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Ըստ իս, նպատակը Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիության ամրապնդումն է, որն անհրաժեշտություն է: Ուստի խորհրդաժողովն այս իմաստով օգուտ է բերում` համախմբելով հազարավոր մարդկանց երեք կողմերից. այս անգամ հատկապես ողջունելի էր շուրջ 700 սփյուռքահայի մասնակցությունը խորհրդաժողովին: Սա ցույց է տալիս, որ սփյուռքը հետաքրքրված է և իր անմիջական մասնակցությունն է ուզում ունենալ մեր ժողովրդին հուզող հրատապ հարցերին: Իսկ օրակարգի բոլոր չորս հարցերն էլ հայությանը հուզող և լուրջ հարցեր էին, բայց կային թերություններ, որոնց մասին պետք է կազմակերպիչներին տեղեկացնել, որպեսզի դրանք չկրկնվեն առաջիկայում:
Կուզենայի` Սփյուռքի նախարարությունն ավելի նրբանկատ լինի հավասարություն պահելու հարցում, այս անգամ շեշտված էր հատվածական պատկերը, ինչը մենք առաջիկայում պատրաստվում ենք քննարկել նախարարության հետ: Սփյուռքը հարուստ է իր շերտավորումներով, ուստի, հատվածական գունավորում տալով` խորհրդաժողովը կարող է բացասական դիմագիծ ունենալ: Սա է, որ պետք է նկատի ունենալ և ուղղել առաջիկայում: