Հայ բարձրաստիճան հոգևորականը՝ ՊԱԿ-ի գործակա՞լ
Ռուսական հետախուզության աղբյուրների գաղտնազերծումները
Ամիսներ առաջ Քեմբրիջի համալսարանի «Չերչիլ» քոլեջը ԽՍՀՄ ՊԱԿ-ի (Պետական Անվտանգության Կոմիտե) նախկին աշխատակից, հայտնի արխիվագետ Վասիլի Միտրոխինի ձեռագրերի հիման վրա տպագրել է մի գիրք, որը լույս է սփռում Խորհրդային Միության անցյալի գաղտնի էջերի վրա: Միտրոխինի արխիվը մեկ անգամ չէ, որ համարվել է ՊԱԿ-ի փաստաթղթերի ամենահարուստ պատճենը, որ դուրս է բերվել Խորհրդային Միության տարածքից: Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) Վասիլի Միտրոխինի ձեռագրերը համարել է սառը պատերազմի տարիների իրադարձությունները գաղտնազերծող ամենահարուստ և հանգամանալից խորհրդային աղբյուրը:
30 տարի ծառայելով ՊԱԿ-ում` Վասիլի Միտրոխինն անձամբ է սեփական կոշիկների և հագուստի մեջ տեղավորելով` արխիվներից հանել քաղաքական, հասարակական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը, համբերատարորեն արտագրել տանը և զետեղելով կաթի տարաների մեջ` թաղել տան բակում:
Խորհրդային Միության փլուզումից հետո` 1992-ին, Վասիլի Միտրոխինը բրիտանացի գործակալների միջոցով ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն` իր հետ տանելով փաստաթղթերով լեցուն ճամպրուկները, որոնք պարունակում էին թվով 25000 ձեռագիր էջ: Հենց այդ ժամանակ էլ, մինչ այդ Խորհրդային Միությունում անհայտ մայոր Վասիլի Նիկիտիչը հայտնի է դարձել իր հայրենիքում` որակվելով իբրև դավաճան:
Ռուս գործակալի արխիվում հազվագյուտ տեղեկություններ կան Խորհրդային Միության ղեկավարության և գերտերությունների առաջնորդների, քաղաքական գործիչների, համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությունների մասին, բացահայտող տվյալներ` Հռոմի պապի, Ինդիրա Գանդիի, աշխարհի ականավոր կոմունիստների, այլ մարդկանց մասին, որոնց հետ սերտ առնչություն է ունեցել Խորհրդային Միության ՊԱԿ-ի արտաքին հետախուզությունը: Լոնդոնում նա մեքենագրել է ձեռագրերը և ամբողջ արխիվը հանձնել որդուն: Վասիլի Միտրոխինը մահացել է 81 տարեկանում` 2004 թվականին, Լոնդոնում:
Նրա արխիվի հիման վրա արտասահմանում 2002-2008թթ. տպագրվել է վեց գիրք (նաև` իր հեղինակությամբ կամ համահեղինակությամբ), որոնք աղմուկ են հանել այն երկրներում, որոնցում գործունեություն է ծավալել ՊԱԿ-ի արտաքին հետախուզությունը:
Հայ հոգևորականը` Միտրոխինի արխիվներում
Այս տարի Քեմբրիջի համալսարանի արխիվագիտության կենտրոնի հրատարակած գրքում հատուկ տեղեկություններ կան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ, Գերաշնորհ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի մասին, ով, ըստ գաղտնազերծված փաստաթղթերի` եղել է ՊԱԿ-ի գործակալ և ՊԱԿ-ի ցուցակներում ներկայացված է «Զորիկ» ծածկանվամբ:
Աղան արք. Պալիոզյանը հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից է եղել, 1995-ից ի վեր` Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ էր, 1998-ից ի վեր` Եկեղեցիների Համաշխարհային խորհրդում ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցին` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: Իսկ մինչ այդ ունեցել է հոգևորականի հարուստ կենսագրություն: Ծնվել է Հալեպում, սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, իր վարդապետական աստիճանը նա ստացել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, 1974-1975թվականներին Պալիոզյանը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում վարել է Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսչի պաշտոնը` միաժամանակ դասավանդելով Աստվածաբանություն, Գրաբար և Ծիսագիտություն:
Նա ուսումնառության շրջան և գործունեություն է ունեցել նաև Հայաստանում. 1971-1974թթ. Երևանի պետական համալսարանում հետևել է հայոց լեզվի և գրականության դասընթացներին` որպես ազատ ունկնդիր, և նույն տարիներին Էջմիածնի Հոգևոր ճեմարանում դասավանդել է մեկնություն Հին և Նոր Կտակարանների, Ծիսագիտություն, Վարք Սրբոց և Քրիստոնեական առարկաները: Ըստ Միտրոխինի արխիվի` ՊԱԿ-ը Պալիոզյանին հավաքագրել է հենց Երևանում` նշված տարիներին: Լույս տեսած փաստաթղթերում նշվում է նաև, որ 1974թ. նա` իբրև ՊԱԿ-ի գործակալ, մեկնել է Երուսաղեմ, իսկ 1975 թվականին Ավստրալիա տեղափոխվելուց հետո շարունակել է կապ պահել խորհրդային հետախուզության հետ: Ավստրալիայում նա վարել է թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը, իսկ 1981թ նոյեմբերին` Վեհափառ Հայրապետի կոնդակով նշանակվել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ:
Միտրոխինի փաստաթղթերում նշվում է, սակայն, որ Ավստրալիայում նրա գործակալական նպաստը ՊԱԿ-ն անբավարար է գնահատել, սակայն չի նշվում, թե երբ է նա խզել կապը խորհրդային մարմինների հետ:
Աղան արք. Պալիոզյանը 1991թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, իսկ 1993թ. հունվարի 17-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Աղան Սրբազանին արքության պատիվ է շնորհվել:
Աղան արք. Պալիոզյանը մահացել է երկու տարի առաջ, սրտի կաթվածից, 66 տարեկանում:
Հայ բարձրաստիճան հոգևորականը մեծ հարգանք է վայելել Ավստրալիայում, ընդ որում, ոչ միայն հայկական, այլ նաև` ավստրալական շրջանակներում: Նա մի քանի անգամ արժանացել է Ավստրալիայի պետական շքանշանների, 1994-97թթ. ընտրվել է Ավստրալիայի Եկեղեցիների Ազգային խորհրդի առաջին նախագահ, ինչպես նաև երեք հաջորդական շրջանների համար` Նյու Սաութ Ուեյլզ Էկումենիկ խորհրդի փոխնախագահ: Այս հանգամանքը հաշվի առնելով` Միտրոխինի փաստաթղթերում հայ հոգևորականի մասին բացահայտմանը վերջերս անդրադարձել է նաև Ավստրալիայի հնագույն լրատվամիջոցներից մեկը` «The Sydney Morning Herald»-ը (SMH):
SMH-ը, առանց մեկնաբանության, արձանագրելով սույն փաստը, տեղեկություններ է հաղորդել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հայտնի հայ հոգևորականի մասին` մասնավորապես մեջբերելով ճանաչված մարդկանց խոսքեր, ըստ որոնց` նա բոլորի կողմից ընդունված և միջկրոնական երկխոսություն վարող հոգևորական էր: SMH-ը հիշեցրել է, որ 2012-ին Աղան Պալիոզյանի հուղարկավորությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ` աշխարհի տարբեր երկրներից, Հնդկաստանից մինչև Հայաստան:
Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Առաջնորդարանը, ուր իր հոգևոր գործունեության ամենաերկար ծառայությունն է անցկացրել Աղան Պալիոզյանը (հակառակ մեր դիմումներին), մինչև հիմա չի մեկնաբանել լուրը, փոխարենը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանն «Առավոտի» հարցին ի պատասխան` ասել է. «Պատշաճ և բարոյական չէ անձին քննարկել, հատկապես, որ մահացել է, և հնարավոր չէ անձամբ նրանից որևէ բացատրություն ստանալ: Այնպես որ, որևէ բան չեմ կարող մեկնաբանել և պարզաբանել, ու կարծեմ, ինձ ուղղվելիք հարց չէ սա»:
«168 Ժամը» կապ է հաստատել Սիդնեյում ապրող քահանա Տէր Պարթև Գարագաշեանի հետ, որը ծառայական շրջան է ունեցել Աղան արք. Պալիոզյանի օրոք, և խնդրել է փոխանցել ավստրալահայերի արձագանքը թեմի երկարամյա առաջնորդի մասին հայտնված այս լուրի շուրջ: Տեր հայրն ասել է. «Լուրն աղմուկ է առաջացրել Ավստրալիայի հայկական համայնքում` տեղի տալով բազում քննարկումների: Մենք բոլորս շատ զարմացած ենք: Չէինք ուզենա նման գնահատական լսել առաջնորդի մասին, մանավանդ իր մահից հետո: Հուսանք` այս լուրը համապատասխան ու պատշաճ մեկնաբանություն կունենա»:
Միտրոխինն իր ձեռագրերում չի մոռացել նշել, որ առհասարակ Խորհրդային Միությունում եկեղեցականներն ու կրոնական կառույցներն այն թիրախներից էին, որոնք հեշտորեն անցնում էին ՊԱԿ-ի ծառայությունների ներքո: