Մոդեստ Կոլերով. «Բալանսը պահպանել չի կարելի»

Մեր զրուցակիցն է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական,
քաղաքագետ Մոդեստ Կոլերովը

– Պարոն Կոլերով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացն ավարտվում է: Ի՞նչ կարելի է սպասել հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵՏՄ հիմնադիր նախագահների հանդիպումից:

– Կարելի է սպասել 2 տարբերակ` պայմանագրի ստորագրում կամ ստորագրման ժամկետի հայտարարում: Առաջին դեպքում 800 կետերի համաձայնեցման համար անհրաժեշտ աշխատանքները կիրականացվեն փաստաթղթի ստորագրումից հետո, երկրորդ դեպքում` 800 կետերի համաձայնեցման աշխատանքները կկատարվեն նախքան ստորագրումը:

– Մինչ օրս տարբեր հայտարարություններ են հնչել, տարբեր ժամկետներ են նշվել և մի քանի անգամ հետաձգվել է ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի ստորագրումը…

– Ես ձեզ հետ համաձայն չեմ` տարբեր ժամկետներ նշում է բացառապես Հովիկ Աբրահամյանը: Այդ պատճառով դրա հետ կապված բոլոր հարցերն ուղղեք այդ պետական ակնառու գործչին:

– Հայաստանի անդամակցության հետաձգումը փորձագետները պայմանավորում են Մաքսային միության անդամ պետությունների միջև գոյություն ունեցող ներքին հակասություններով: Ձեր կարծիքով` այս անգամ ի՞նչ անակնկալներ կարող են լինել:

– Դա անում էին ոչ թե փորձագետները, այլ անում էին Հայաստանի իշխանության նույն ներկայացուցիչները և նրանց հետ համագործակցող փորձագետները: ՄՄ-ում ներքին հակասությունների առկայության մասին ողջ տեղեկությունը տարածվել և տարածվում է Հայաստանի ներսից: Իսկ այստեղ` մեզ մոտ` ՄՄ տարածքում, շատ լավ հայտնի է, որ ՄՄ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի ուղիով: Դրա համար բոլոր հակասությունները, եթե դրանք առաջանում են, դրանք արտացոլվում են հարցի ինքնին բացակայության մեջ: Եթե Հայաստանի կամ Ղրղըզստանի կապակցությամբ անհամաձայնություններ լինեին, որ քննարկվեին ՄՄ ներսում, ապա Հայաստանի կամ Ղրղըզստանի հարցն ընդհանրապես չէր քննարկվի: Այսինքն` եթե հակասություն ծագեր, ապա չէր լինի ինքը` հարցը` Հայաստանն ընդունե՞լ ԵՏՄ, թե՞ ոչ: Հարցի լինելն արդեն իսկ խոսում է դրա շուրջ համաձայնության մասին: Ահա այդպես:

– Իսկ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը կամ ՀՀ կառավարությունը ՄՄ ներքին հակասությունների մասին լուրեր տարածում:

– Ես չգիտեմ, թե դա Հայաստանի ինչին է հարկավոր: Ավելին` Հովիկ Աբրահամյանի, այդ թվում` Էդուարդ Շարմազանովի ինչի՞ն է պետք ասել մի բան, որը հետագայում ոչ մեկ անգամ հերքում է Սերժ Սարգսյանը, ես նույնպես չգիտեմ: Բայց մայիսին Հովիկ Աբրահամյանի և Է.Շարմազանովի հայտարարությունը, որ ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցելը պետք է տեղի ունենա Ղարաբաղի հետ, շուտով հերքվեց Սերժ Սարգսյանի կողմից: Եվ նման այլ օրինակներ կան: Թե ինչու է դա հարկավոր, դա Ձեր ներքին խնդիրն է, ինձ չի հետաքրքրում:

– Ո՞րն է, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսական շահը` ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարի առումով:

– Դե, այո, որպեսզի այնտեղ աշխատեն: Իսկ ի՞նչ տնտեսական շահ կարող է տալ Հայաստանին ԵՄ ասոցիացումը: Հայաստանին առավել մոտ անալոգը Բուլղարիան է` իր կլիմայական պայմաններով, գյուղատնտեսության դերի, միգրացիայի առումով: Բուլղարիան ԵՄ-ին ասոցիացված չէ, այլ անդամ է: Բուլղարական տնտեսությունը, այդ թվում` գյուղատնտեսությունը, ոչնչացված են: Ահա դա է արդյունքը: Կարող եք հարցնել թեկուզ Բուլղարիայի հայերին` ինչպե՞ս է դա տեղի ունենում: Բայց Հայաստանում դրանով ոչ մեկը չի հետաքրքրվում:

Այո, խորամանկության տեսակետից, իրատեսության տեսակետից հարկավոր էր, երևի թե, Հայաստանին գնալ ԵՄ-ի հետ ասոցիացման և վճարել դրա ամբողջ, ամբողջ գինը, որպեսզի հետագայում ոչ մեկը ոչ մեկին չմեղադրեր: Հիմա, ցավոք, այն խնդիրների համար, որ կան ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության ժամանակ, մեղադրելու են ՌԴ-ին: Ոչինչ չես կարող անել:

– Ամեն դեպքում, օրերս ՀՀ նախագահը կրկին հաստատեց ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության հաստատակամությունը, ինչպես նաև հայտարարեց, որ ՀՀ-ն հաստատակամ է միևնույն ժամանակ հարաբերությունները զարգացնել ԵՄ-ի հետ: Ձեր կարծիքով` կհաջողվի՞, կամ ինչպե՞ս կարող է Հայաստանի իշխանությունը հավասարակշռություն ապահովել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև:

– Բալանս պահպանել չի կարելի: Ի՞նչ է նշանակում` զարգացնել հարաբերությունները. կան տարբեր կարծիքներ: Օրինակ` ԵՄ-ն Ռուսաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերն է, բայց Ռուսաստանը, ի տարբերություն այն երկրների, որոնք ասոցիացման համաձայնագրեր են կնքում ԵՄ-ի հետ, չի փոխանցում իր արտաքին և պաշտպանական քաղաքականության վերահսկողությունը ԵՄ-ին: Իսկ յուրաքանչյուր երկիր, որը գնում է ԵՄ-ի հետ ասոցիացման, համաձայն համաձայնագրի տեքստի, պաշտպանության և արտաքին քաղաքականության վերահսկողությունը, այսինքն` իր ինքնիշխանությունը, փոխանցում է ԵՄ-ին: Դա ուղիղ ձևով գրված է համաձայնագրի հիմնարար սկզբունքների նախաբանում:

– Հայաստանում ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստը չի հրապարակվել:

– Այո, բայց փոխարենն այն հրապարակվել է Ուկրաինայում, հրապարակվել է Մոլդովայում: Այդ տեքստերը տիպային են: Միակ տարբերությունն այն բազմաթիվ հավելվածներում են, որտեղ նշվում է, թե ինչ է արգելվում արտադրել` շաքար, կեֆիր, մածուն, թան և այլն: Այդ ամենը մանրամասնորեն թվարկվում է: Իսկ համաձայնագրի բուն տեքստը տիպային է: Եվ վերջ:

– Օրերս Հայաստանում հրապարակվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի տեքստը, և դրանից հստակ երևում է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսային սահման է գործելու, թեև հենց ԼՂՀ վարչապետը բացառում է, որ հնարավոր է` մաքսակետ տեղադրվի:

– Ներեցեք, բաց եմ թողել. մինչ օրս այն մասին, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև չի կարող մաքսակետ լինել, խոսել է Շարմազանովը, Հովիկ Աբրահամյանը և այլք: Բայց ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ըստ ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ասոցիացումը տարածվում է միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: Սա` առաջին: Երկրորդ` ցանկացած մարդու համար, որ երբևէ Հայաստանից մեկնել է Ղարաբաղ, հայտնի է, որ սահմանը կա արդեն հիմա և կա վաղուց: Եվ այնտեղ սահմանին նստած են սահմանապահներ, և եթե այնտեղ հանկարծ նստի մաքսավոր, որն ուղղակի իր մոտ նշումներ կանի, որ ևս մեկ մեքենա անցավ, ապա դրանով սահմանը ո՛չ կհայտնվի, ո՛չ էլ կանհետանա:

– Այսինքն, ըստ Ձեզ` մաքսակետն անխուսափելի՞ է:

– Այն պետք է ֆորմալ առումով գոյություն ունենա, և Հայաստանի լիակատար իրավասության ներքո է` այդ մաքսակետի գոյությունը դարձնել ֆորմալ: Եվ հիմա էլ Մոսկվայում մենք տեսնում ենք Ղարաբաղի հայտնի արտադրանքներ, որոնց վրա որպես ծագման երկիր` նշված է Հայաստանը: Վերջ: Չկա վեճի առարկա:

– Այստեղ տեսակետ կա, որ այդ մաքսակետը ծառայելու է զինտեխնիկայի շարժը վերահսկելու համար:

– Մաքսային միությունը ռազմական միություն չէ, այն չի վերահսկում զինտեխնիկան: Իսկ, օրինակ, ՀԱՊԿ-ն վերահսկո՞ւմ է Ղարաբաղի հետ սահմանի շարժը: Ոչ, այնտեղ ընդհանրապես զինվորականներ չկան:

– Այսինքն` այս առումով ոչինչ չի՞ փոխվի:

– Կարծում եմ` այո: Կրկնեմ` կարող է այնտեղ որոշակի ֆորմալ գործընթաց սկսվի, բայց Ղարաբաղի ամբողջ արտադրանքի վրա որպես ծագման երկիր` նշված է Հայաստանը, այլապես այժմ էլ չէր վաճառվի: Թթի օղին չէր վաճառվի: Նայեք «Զվարթնոց» օդանավակայանի «դյութի ֆրին»` թթի օղին, դրված է, ծագման երկիրը Հայաստանն է: Եվ վերջ:

Տեսանյութեր

Լրահոս