Բաժիններ՝

Հողերն այլևս կադաստրային արժեքից պակաս չեն վաճառվում. Իշխան Զաքարյան

Վերահսկիչ պալատի աշխատանքի արդյունավետությունը տարեցտարի առավել ակնհայտ է լինում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այնպես չէ, որ ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքները, որ ուղարկվում են դատախազություն, անարդյունք են ավարտվում:

«Մարդիկ պատժվում են, օրինակ, նույն թոշակների հետ կապված 17-18 հոգի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին: Բայց ամեն հարց չէ, որ պետք է քրեական հարթությունում լուծվի»,- նշեց Ի.Զաքարյանը:

Ըստ նրա՝ ՎՊ հաշվետվութուններում, օրինակ՝ շինարարության մեջ, ծավալային հավելագրումները նախկինում 18-20% էր, իսկ այժմ դրությունը խիստ փոխվել է. «Ամբողջ դինամիկան տվել ենք, թե մեր ստուգումների արդյունքում ինչ է եղել 2008-2013 թթ-ին: Հիմա գրեթե չունենք ծավալային հավելագրումներ: Բայց սա ամենևին չի նշանակում, որ շինարարության ոլորտում ամեն ինչը հարթ է և ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի ու պատգամավորների կողմից բազմիցս շեշտված «ատկատների» համակարգը չկա: Ներկայումս չափազանց կարևոր խնդիր է ուղղակի ծախսերի վրա կիրառվող տոկոսադրույքների հարցը և մեր ուսումնասիրության արդյունքում այդտեղ բավականին լուրջ ռիսկեր ենք ի հայտ բերել ու մենք բավականին լուրջ առաջարկներ ենք արել, տեսնենք՝ ինչպես կկարգավորվի»:

ՎՊ նախագահը մատնանշեց մեկ այլ խնդիր, որ ՎՊ-ն շատ տարիներ անընդհատ խոսում էր խիստ ցածր գնով հողերի վաճառքի մասին. «1 դրամ, 1 լումա, 5 դրամ… այդ օրինակները շատ եմ բերել: Եվ հիմա որևէ տեղ չունենք, որ կադաստրային արժեքից պակաս վաճառվեն հողերը, նույնիսկ կրկնակի արժեք են դնում, շուկայականին մոտ արժեք են դնում: Բայց չէ՞ որ սա անընդհատ, երկար տարիների աշխատանքի արդյունք է: Այնպես, որ եկեք չհամաձայնեմ, որ արդյունավետության առումով ՎՊ-ն անընդհատ բարձրայնում է և ոչինչ չի արվում: Պետք է լավն էլ ասենք, եթե վատը ասում ենք, պետք է լավն էլ ասենք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս