Կբացվի Հայաստանում ամենամեծ միջազգային դպրոցը (տեսանյութ)
Հոկտեմբերի 11-ին տեղի կունենա UWC Դիլիջան քոլեջի պաշտոնական բացումը: Բացմանն ընդառաջ այսօր լրագրողները շրջայց կատարեցին քոլեջի տարածքում՝ ծանոթանալով կրթահամալիրի տարբեր մասնաշենքերին, ներքին հարդարմանը, ընդհանուր պայմաններին:
UWC Դիլիջան քոլեջը միջազգային համատեղ ուսուցման համալիր է՝ նախատեսված ավելի քան 50 երկրների աշակերտների համար: Այն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (UWC) կրթական ցանցին և 14 քոլեջներից ու դպրոցներից մեկն է: Քոլեջը 16-18 տարեկան առաջին աշակերտներին հյուրընկալել է 2014թ. օգոստոսին՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:
Ընդունելության գործընթացը իրականացվում է անկախ ծնողների ֆինանսական կարողությունից և կուղեկցվի կրթաթոշակային լայնածավալ ծրագրով: Դպրոցում ուսման վարձը կազմում է 35 հազար ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների մեծ մասը հնարավորություն կունենա ուսանելու մինչև 100% կրթաթոշակով:
Դպրոցում գործող կրթական ծրագիրը աշխարհի լավագույն համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (Միջազգային բակալավրիատ) ծրագիրն է, իսկ ընդունելությունը կատարվում է UWC կողմից սահմանված կարգին համապատասխան՝ UWC ազգային կոմիտեների համակարգի միջոցով: Ծրագրային առարկաների դասավանդումն իրականացվում է անգլերեն լեզվով՝ անգլիախոս ուսուցիչների կողմից, սակայն ծրագիրն ընդգրկում է ոչ միայն օտար լեզուների, այլև մայրենի լեզվի, գրականության ու պատմության խորացված ուսուցում:
Այս տարի դպրոցն իր դռները բացել է 90 աշակերտների առջև, սակայն նպատակ կա մինչև 2020թ. աշակերտների թիվը հասցնել 650-ի: UWC համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ՝ 10-ը UWC Դիլիջան միջազգային դպրոցում և 7-ը՝ UWC-ի այլ երկրների քոլեջներում:
Դպրոցում կդասավանդեն փորձառու ուսուցիչներ ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու Շվեյցարիայից: Ամերիկյան համալսարանի և Կենտրոնական բանկի աջակցությամբ վերապատրաստվում են նաև տեղական կադրերը:
Կրթահամալիրը բաղկացած է ուսումնական և վարչական գլխավոր մասնաշենքից, հանրակացարաններից, բժշկական կենտրոնից, բացօթյա մարզահրապարակներից, խաղահրապարակներից ու այգիներից, փակ մարզահամալիրից, աշխատակիցների բնակարաններից, բեմարվեստի կենտրոնից և ճաշարանից, բացօթյա ուսումնական տարածքներից:
Դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնական նպատակը Հայաստանը համաշխարհային կրթական կենտրոնի վերածելն է, որտեղ հնարավորություն կստանան ուսանել հարյուրավոր երեխաներ աշխարհի տարբեր երկրներից և դառնալ Հայաստանի «դեսպանները» ամբողջ աշխարհում. «Բացի կրթական նպատակներից՝ այս նախագիծը միտված է նաև բարելավելու Դիլիջանի սոցիալ-տնտեսական վիճակը՝ ավելացնելով տեղական բյուջեի մուտքերը, նպաստելով գործազրկության կրճատմանը, զբոսաշրջության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: