
Քաղաքագետը՝ ՄՄ-ին անդամակցելու մասին. Սա այն սիրո տեսակն է, որ միայն դու չես ուզում, ինքն էլ է ուզում, ու եթե չգնաս, կսպանեն

«Կարծում եմ՝ Մաքսային միություն մտնելու հետ կապված հարցն արդեն ծեծված հարց է, սա լուծված հարց է, սա այն սիրո տեսակն է, որ միայն դու չես ուզում, ինքն էլ է ուզում, ու եթե չգնաս, կսպանեն: Հիմա պետք է որոնեն՝ այս շրջագծի մեջ կարո՞ղ ենք զարգանալ, թե՞ ոչ: Իսկ ես կարող եմ 100 տոկոսով ասել, որ կարող ենք զարգանալ, դա կախված է բացառապես մեր հնարավորություններից»,- խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանը և ԵՏՄ-ին անդամակցելու մասին՝ այս տեսակետն այսօր հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա՝ խոսակցությունները, թե Ռուսաստանը շուտով փլուզվելու է՝ անհիմն են, քանի որ արդեն 4-5 հարյուր տարի է՝ Ռուսաստանը չի փլուզվում. «Ռուսաստանը մնում է, որովհետև միշտ էլիտա ունի, միշտ ցանկացողներ կան, որ իրեց երկիրը ճգնաժամից հանում են»:
Քաղաքագետի կարծիքով՝ այս միությանը միանալը նաև Եվրոպայի հետ լավ հարաբերվելու հնարավորություն է տալիս. «Պուտինն այն օրը հայտարարեց, որ ոչ մի խնդիր էլ չկա, Ռուսաստանը Եվրամիության հետ լայնորեն համագործակցում է: Այսինքն՝ ինքը գնում է լայնորեն համագործակության, ձեզ արգելո՞ւմ է: Կամք ունեցեք, քաղաքականություն վարեք»:
Լ. Շիրինյանն ասաց, որ ինքը Մաքսային միությունից մեկ ակնկալիք ունի. «Ես կարծում եմ՝ Հայաստնի իշխանությունը (ստիպված նաև) պետք է պռոդեկցիոնիզմի քաղաքականություն վարի. Հայաստանում պետք է խրախուսվի ներքին արտադրողը, և պետք է խոչընդոտվեն բոլոր ներկրումները: Ներկրումները ոչնչացնում են Հայաստանը, որովհետև էժան ապրանքը լցում է, և ներքին արտադրողը ոչնչանում է: Ժամանակն է այս հարցը լուծելու: Բանկերը պետք է ունենան իրենց միջնորդի գործառույթը, ոչ թե լինեն այս ժողովրդի աղքատության, ունեզրկման միջոցները»: