Լիսկան կեղծել է կենսագրական տվյալները. Գորիսի նախկին քաղաքապետ. news.am
Սյունիքի ներկայիս մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետարանի կայքում տեղադրված կենսագրությունը պետք է ընդունել հաղորդում հանցագործության մասին:
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը կեղծել իր կենսագրական տվյալները:
«Կենսագրության մեջ նշվում է, որ Սուրիկ Խաչատրյանը սովորել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում, ասեմ, որ «սովորել» բառը պետք է չակերտների մեջ գրել, որովհետեւ 1971թ.ին, երբ վայ էն հալին դպրոցական էր՝ 15 տարեկան, մեկ աչքից զրկել է Գորիս քաղաքում սովորող արցախցի ուսանող Կարմեն Առուստամյանին, որից հետո ազատազրկվել է դատապարտման 2 տարի ժամկետով:
Իհարկե, մի քանի ամիս է պատիժը կրել. համաներմամբ ազատ է արձակվել: Այս դեպքից հետո նա դպրոցից հեռացվել է եւ մնացել 8-ամյա կրթությամբ: Կենսագրության մեջ գրված է, որ սովորել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում: Ասեմ, որ 1972թ.-ին ընդունվելուց մի քանի ամիս անց՝ 1973թ. գարնանը, Սուրիկ Խաչատրյանը Թումանյանի շրջանի դատարանի կողմից նորից 2 տարով ազատազրկվել է՝ անձնական ունեցվածք, ավտոմեքենա եւ հանրային գույք գողանալու մեղադրանքով:
Այս դեպքում էլ 9,5 ամիս պատիժը կրելուց հետո համաներմամբ ազատ է արձակվում: Այս հանցանքի պատճառով նա հեռացվել է նաեւ տեխնիկումից: 1979թ.-ին արդեն Գորիսի դատարանի որոշմամբ՝ չարամիտ խուլիգանության կատարելու համար Սուրիկ Խաչատրյանը նորից դատապարտվում է ազատազրկման, արդեն 2,5 տարի ժամկետով, այն ամբողջությամբ կրել է:
1984թ.-ին, երբ Սուրիկ Խաչատրյանը «զուբնիկություն» էր անում ադրբեջանական շրջաններում, առեւանգում է Ումուդլուի գյուղի նախագահի դստերը, նրան բռնաբարում, բերում Գորիս կնության վերցնելու նպատակով: Նշեմ, որ այդ ժամանակ նա արդեն կին ու երեխաներ ուներ: Դրանից հետո ադրբեջանցի իրավապահները գալիս, ձերբակալում, տանում են Սուրիկ Խաչատրյանին ու դատապարտում երկարատեւ ազատազրկման: Իմ տեղեկություններով՝ նա 3-4 տարի նստել է ադրբեջանական կալանավայրերում:
Կենսագրության մեջ ոչինչ չի նշված նաեւ Սուրիկ Խաչատրյանի եւ իր բանդայի կողմից բոլոր գորիսցիների տան՝ Գորիսի քաղաքապետարանի շենքի վրա 1993.թ փետրվարի 25-ին զինված հարձակման եւ քաղաքային իշխանությունը զավթելու առաձնակի ծանր հանցանքի մասին, ինչի համար նա ոչ միայն չի ձերբակալվել, նույնիսկ չի ազատվել Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատարի պաշտոնից, այլ ՀՀ Գերագույն դատարանի վճռով նույն թվականի աշնանը դատապարտվել եւ ստացել է սիմվոլիկ պատիժ:
Սա նրա հինգերորդ դատվածությունն է: Առանց միջնակարգ կրթության, նույնիսկ կեղծ ատեստատ չունեցող Սուրիկ Խաչատրյանը չէր կարող 1995թ.-ին «Պրոգրեսս» համալսարանը, 2003թ.-ին էլ ավարտել ՀՀ կառավարման պետական ակադեմիան, ինչպես գրված է իր կենսագրությունում: Անշուշտ, այս դիպլոմները կեղծ են»,- ասաց նախկին քաղաքապետը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: