Բաժիններ՝

«Բենտոնիտ» կոմբինատը խրվել է պարտքերի մեջ

tesankyun.am-ը գրում է. Երեւանի տարբեր հասցեներում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին:

Այս հայցերով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացել է հոկտեմբերի 1-ին : Հայցվոր ՍՊԸ-ները դատարանին միջնորդել են, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել կոմբինատի գույքի եւ դրամական միջոցների վրա, դատարանը մերժել է այդ միջնորդությունները:

Նույն դատարանում շարունակվում է «Բենտոնիտի» պարտքերին վերաբերող եւս մեկ դատավարություն: Հրազդանում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն 2014 թ. մարտին դատի է տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին՝ պահանջելով «Բենտոնիտից» գումար բռնագանձել: Սույն դատական գործով հերթական նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին : «Արջերմեկ» ՍՊԸ տնօրեն Հայկ Արաբյանից տեղեկացանք, որ իրենց ընկերությունն Իջեւանի բենտոնիտ կոմբինատում ջերմամեկուսացման աշխատանքներ է կատարել, որոնք ավարտվել են 2013թ. սեպտեմբերին: Նրա վկայությամբ՝ իրենք այդ աշխատանքների կանխավճարը ստացել են, սակայն հիմնական գումարը՝ ոչ:

«Արջերմեկը» քաղաքացիական հայցով պահանջում է Բենտոնիտ» ԲԲԸ-ից բռնագանձել 3.3 միլիոն դրամ: Հայկ Արաբյանն ասաց, որ իրենց պահանջով արգելք է դրվել ընկերության գույքի վրա: « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը լրագրողիս հետ հեռախոսազրույցում չհայտնեց «Արջերմեկ» ՍՊԸ-ին իրենց ունեցած պարտքի չափը՝ համարելով դա առեւտրային գաղտնիք: Հետո պ-ն Թոփալյանը, դժգոհ լինելով կոմբինատի մասին տողերիս հեղինակի հոդվածներից, ասաց, որ կոմբինատին առնչվող հարցերով այլեւս չզանգահարեմ իրեն:

Երբեմնի հսկա գործարանը խրվել է պարտքերի մեջ, սակայն աշխատատեղերի ստեղծման, Ադրբեջանի հետ սահմանագոտու զարգացման մասին հաճախ խոսող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարները միջոցներ չեն ձեռնարկում «Բենտոնիտի» խնդիրները պարզելու, հարկ եղած դեպքում՝ կոմբինատին պետական եւ այլ աջակցություն ցուցաբերելու համար: «Բենտոնիտը» մեծ նշանակություն ունի Իջեւանի տարածաշրջանի համար: Այն հիմնադրվել է 1967 թ. :

Ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի,Իջեւան քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել , աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում:

Մանրամասներն՝սկզբնաղբյուր կայքում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս