Պաշտպանները միջնորդեցին արդարացնել Շանթ Հարությունյանի ընկերներին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր ճառերով հանդես եկան գործով ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի և Հայկ Հարությունյանի պաշտպանները:

Սևակ Մնացականյանի և Ավետիս Ավետիսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալներին՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Փաստաբանը նշեց, որ Սևակ Մնացականյանն, ըստ նախաքննական մարմնի տրամաբանության, ի սկզբանե մասնակցել է երթին. «Սակայն հարկ եմ համարում նշել, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ձեռք չի բերվել որևէ պատշաճ ապացույց, որով կհիմնավորվեր այն հանգամանքը, որ Սևակ Մնացականյանը մասնակցել է երթին:

Ավելին՝ գործով ձեռք բերված բոլոր ապացույցները Սևակ Մնացականյանի մասով վկայում են հակառակի մասին, որ Սևակ Մնացականյանն ի սկզբանե երթին չի մասնակցել»:

Փաստաբանի խոսքով, Սևակ Մնացականյանն իր ցուցմունքում հայտնել է, որ չի բացառում այն հանգամանքը, որ կարող է որևէ մեկին բրդած, հրած լինի, քանի որ այդ իրավիճակում իր միակ նպատակը եղել է իր ընկերոջը՝ Ավետիս Ավետիսյանին վայրկյան առաջ այդ իրավիճակից հանելը:

Կարեն Քալանթարյանի խոսքով՝ հատկաշնական է, որ Սևակ Մնացականյանի ցուցմունքից հետո մեղադրողի մոտ որևէ հարց չի առաջացել այն դեպքում, երբ նրա ցուցմունքից հետո ակնհայտորեն հակասություն է առաջացել մեղադրական եզրակացության մեջ նշված հանգամանքերի շուրջ:

Փաստաբանն ասաց, որ գործով որևէ կերպ չի հիմնավորվել Սևակ Մնացականյանի կողմից որևէ ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալու հանգամանքը:
Հայկ Հարությունյանի պաշտպանը ևս միջնորդեց արդարացնել նրան կամ նրան մեղավոր ճանաչելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել:

Նշենք, որ բացի խուլիգանությունից՝ Հայկ Հարությունյանը մեղադրվում է նաև առանց իրացնելու նպատակի զգալի չափի հոգեմետ նյութ ապօրինի պահելու մեջ:

Նրա պաշտպանը դատարանում ասաց, որ մեղադրողը իր պաշտպանյալի մեղքն ապացուցված համարեց միայն այն ապացուներով, որոնք նշված էին մեղադրական եզրակացության մեջ. «Կարծես թե չէր եղել դատաքննություն, չէին ուսումնասիրվել տեսաերիզները, չէին հարցաքննվել տուժողներն ու վկաները, չէին ուսումնասիրվել գործում առկա ապացույցները, ամնբաստանյալները ցուցմունքեր չէին տվել»:

Փաստաբանն ասաց, որ հոգեմետ նյութը հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի բնակության վայրում, դրա մասին Հ. Հարությունյանը դատաքննության ժամանակ հայտնել է, որ շանը բուժելու համար 1993-1994թ. անասնաբույժ է հրավիրել տուն, ով կատարել է իր գործողությունները ու կիրառված պրեպարատից թողել իր մոտ՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:

Փաստաբանն ասաց, որ իր կողմից հարցում է կատարվել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձաքննական կենտրոնին»՝ մի շարք հարցերի պարզաբանման համար:

Նրա խոսքով՝ իրեն պատասխանել են, որ նշված դեղամիջոցը հսկվող նյութ է, ընդգրկված է ՀՀ կառավարության 2003թ. որոշմամբ հաստատված ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկում: Փաստաբանը նշեց նաև, որ իրեն տրված պատասխանում կենտրոնից հայտնել են, որ նշված պրեպարատն անասնաբուժության մեջ, այդ թվում նաև շների, կիրառվում է որպես քնաբեր միջոց. «Փորձագիտական կենտրոնի պատասխանն ամբողջությամբ հաստատում են Հայկ Հարությունյանի կողմից տրված ցուցմունքները»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ ամբաստանյալ Ալեք Պողոսյանիպահանջով նրան հանրային պաշտօան էր տրամադրվել: Սակայն այսօր դատարանում Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ ինքը ծանոթացավ, թե ինչ մարտավարությամբ է նա ցանկանում իրեն պաշտպանել. «Ես հասկացա, որ ինքն ուզում է իրավական դաշտում պաշտպանի, բայց քանի որ այստեղ քաղաքական հետապնդում է իրականացվում, ես ուզում եմ հրաժարվել իր ծառայություններից»:

Դատարանը, սակայն, նշեց, որ պաշտպանություն իրականացնելու համար նախաքննության ընթացքում ամբաստանյալին պաշտպան է նշանակվել, դատական քննություն ընթացքում նա հրաժարվել է պաշտպանից: Ըստ դատարանի՝ քրեական դատավորության օրենսգիրքը նախատեսում է, որ պաշտպան նշանակելը պարտադիր չէ, եթե անձը ունեցել է նշանակված պաշտպան, հրաժարվել է նրանից և կրկին պահանջում է պաշտպան, դտարանը, հաշվի առնելով ծանր մեղադրանքը, որոշել է պաշտպան նշանակել:

Դատավորը նշեց, որ այլ ատյանում չի բացառվում, որ հանրային պաշտպան ունենոլւ ցանկության դեպքում նրան կարող են չապահովվել պաշտպանով: Դատավորը նշեց, արձանագրելով ծանր մեղադրանքը գտնում է, որ այս պահին հանրային պաշտպանի մասնակցությունը դադարեցնելը և հրաժարումն ընդունելը ճիշտ չէ, չի բխում արդարադատության շահերից, այդ պատճառով որոշում է ամբաստանյալի հրաժարումը չընդունել: Նշենք, որ իր պաշտպանից հրաժարվելու ցանկություն արտահայտեց նաև ամբաստնյալ Ավետիս Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս