Ֆրանսիան «Միստրալ» դասի առաջին նավը կարող է ՌԴ-ին հանձնել պլանավորված ժամկետում
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պատվերով Ֆրանսիայի կառուցած «Միստրալ» դասի ուղղաթիռակիրները կարող են ռուսական կողմին հանձնվել պլանավորված ժամկետում: Այս մասին Պենտագոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Նրա խոսքերով՝ այդ նավերը Ռուսաստանին կարող են հանձնվել հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին՝ կախված Ուկրաինայում տիրող իրավիճակից: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ՝ սեպտեմբերին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ «Միստրալ» նավերի վերաբերյալ պայմանագրի ավարտը կիրականացվի որոշակի պայմաններում. «Նա նշել էր երկու տարր. Ուկրաինայում տևական հրադադար ու քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկ: Որոշումը կընդունվի՝ ելնելով դրանից»:
Ռուսաստանն ու Ֆրանսիան «Միստրալ» նավերի մասին պայմանագիրը ստորագրել են 2011 թվականի հունիսին: Գործարքը գնահատվել է 1.12 միլիարդ եվրո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վլադիվոստոկ» անվանումը ստացած «Միստրալ» դասի առաջին նավը ռուսական կողմին պետք է հանձնվի 2014 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ «Սևաստոպոլ» նավը՝ մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը: