«Ռուսաստանը կօգտագործի մաքսակետի հարցը՝ Ղարաբաղում ռուսական զորքեր տեղակայելու համար»
Ռուսաստանը կօգտագործի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դնել-չդնելու հարցը` Լաչինում զորքեր տեղակայելու համար, կարծում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«168 Ժամի» հետ զրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի և այդքան քննարկված մաքսային սահմանի հարցի շուրջ` քաղաքագետն ասաց, որ իր կարծիքով` ամեն ինչ կախված է Եվրասիական միության անդամների ու հատկապես Ռուսաստանի բարի կամքից, թե արդյոք կլինի՞ մաքսային սահման Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, թե՞ ոչ:
Այդուհանդերձ, Ենոքյանը կարծում է, որ այս դեպքում բարի կամք, ամենայն հավանականությամբ, չի լինի. «Մենք արդեն մի կողմից տեսել ենք` ինչպես է Ղազախստանը պաշտպանում իր բարեկամ Ադրբեջանի շահերը, իսկ մյուս կողմից, կարծում եմ, Ռուսաստանը կօգտագործի այս հանգամանքը` Ղարաբաղի սահմանի վրա` Լաչինում զորքեր տեղավորելու, թեկուզ սահմանը վերահսկելու համար: Այո՛, Ռուսաստանը ռազմավարական խնդիր է լուծում` փորձելով Ղարաբաղում ռուսական զորք տեղակայել»:
Տեղին է հիշեցնել, որ Աստանայում ԵՏՄ հիմնադիր ժողովից և Նազարբաևի հայտնի հայտարարությունից առաջ և հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կտրականապես բացառում էին այն հեռանկարը, որ Հայաստանի և Արցախի միջև կարող է մաքսային սահման լինել: Մասնավորապես, մայիսի 16-ին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տարածք են լինելու», նույնը կրկնեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ մայիսի 30-ին Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ ՀՀ դիրքորոշումը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մաքսային սահմանի վերաբերյալ, անփոփոխ է, այսինքն` մաքսային սահմանը բացառվում է:
Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ նախորդ շաբաթ պայմանագրի նախագծի հրապարակվելուց հետո իշխանության կողմից նման կտրուկ հայտարարություններ առայժմ չեն հնչում: Թերևս կարելի է հիշատակել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի մեկնաբանությունը: Նա մասնավորապես ասել է, թե «մաքսակետ տեղադրելու հարց առայժմ չկա»:
Աղասի Ենոքյանի համոզմամբ` պաշտոնյաների այսպիսի զգուշավորության պատճառն այն է, որ նրանք չեն ուզում վնասել իշխանությունների «իմիջին»:
«Չի բացառվում, որ Ռուսաստանը ցուցաբերի այդ «բարի կամքը» և աչք փակի մաքսակետի հարցի վրա,- միաժամանակ ավելացնում է քաղաքագետը,- փորձելով այն հետագայում օգտագործել որպես գործիք Հայաստանի դեմ, եթե վերջինս Կրեմլի համար անցանկալի քայլեր անի: Այդ դեպքում մաքսակետի հարցը կրկին կմտնի օրակարգ:
Հասկանալի է, որ տվյալ պահին չկան մեխանիզմներ, թե ո՞վ է վերահսկելու այդ սահմանը, ինչպե՞ս են լինելու այդ վերահսկողությունները: Մենք այսօր տեսնում ենք, որ նույն Բելառուսի սահմանի հետ կապված` սահմանային վերահսկողությունը բավականին թույլ է. Բելառուսը կարողանում է Եվրոպայից մաքսանենգ ապրանքներ բերել և հրամցնել` որպես բելառուսական: Այո՛, այդ խնդիրն առայժմ պարզ չէ, ինչպես ասել է ֆինանսների փոխնախարարը, բայց ցանկացած պահի այդ հարցը կարող է բարձրացվել: Դա մի ական է, որը դրվում է Հայաստանի տակ»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետը չունի հստակ կանխատեսում` հոկտեմբերի 10-ին կստորագրվի՞ Հայաստանի անդամակցության պայմանագիրը, թե՞ ոչ, բայց ավելի կարևոր է համարում մեկ այլ հարց. «Մեզ թվում էր, թե Մաքսային միության մեջ էություն չկա, և այդ Մաքսային միությունն ինչ-որ մի հեղհեղուկ, անիմաստ կառույց է, որով Ռուսաստանը փորձում է ցույց տալ աշխարհին, թե ինքը ևս ունի դաշնակիցներ, բայց հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը սրանով փորձում է Ղարաբաղի հարցը լուծել իր օգտին»:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծում հղում է արվում Մաքսային միության օրենսգրքին, որի 95-րդ հոդվածի 2-րդ կետում հստակ նշվում է` «Մաքսային միության տարածքում մաքսային վերահսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից` այն ապրանքների, այդ թվում` տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք հատում են մաքսային սահմանը և (կամ) ենթակա են հայտարարագրման` համաձայն Մաքսային օրենսգրքի»:
Տեսականորեն սա նշանակում է, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո ԼՂՀ-ի տարածքից ՀՀ տարածք մտնող ապրանքների նկատմամբ նույնպես իրականացվելու է մաքսային վերահսկողություն:
Օրերս մաքսակետի հարցը մեկնաբանեց նաև ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին քաջատեղյակ, 1994-97 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը` հիշեցնելով իր տեսակետը, որ «ռուսները վերցնելու են Լաչինը և այն գործածելու են պաղ ու տաք ծորակի նման»:
Լիպարիտյանն իր վերջին հարցազրույցում ասել է. «Ենթադրաբար, մաքսային կետի կամ կետերի անձնակազմի անդամները քաղաքացիական մարդիկ են լինելու և ոչ` զինվորական։ Ուրեմն նրանց գալուց ոչ շատ ուշ մի որևէ դեպք կպատահի, և այդ քաղաքացիական անձնակազմի պաշտպանության համար այդ դեսանտը կօգտագործվի։ Այս կամ այն կերպ մենք ԼՂ-ի հետ ազատ կապը կորցնելու վրա ենք։ Այսինքն` ԼՂ-ի հարցի լուծման մեզ համար ամենակարևոր կապը կորցնում ենք։ Նման վտանգի առկայության մասին ես արդեն բազմիցս նշել եմ»: