Զուրաբ Աբաշիձեն ու Գրիգորի Կարասինը քննարկելու են «Վերին Լարսի» հարցը

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև բանակցային նոր՝ թվով 8-րդ, փուլը Պրահայում անցկացվելու է հոկտեմբերի 16-ին:

Աբաշիձեի խոսքերով՝ այդ հանդիպման օրակարգն արդեն իսկ հայտնի է. «Մենք քննարկելու ենք առևտրային-տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար ու մշակութային հարցեր»:

Աբաշիձեն մանրամասնել է, որ հանդիպման ժամանակ չի քննակվելու ռուսական տնտեսական շահերին Վրաստանի եվրոասոցացման հակասելու հարցը: Նա հիշեցրել է, որ այդ հարցն իրենք քննարկել են դեռևս հուլիսին:

Աբաշիձեի խոսքերով՝ բանակցությունների ժամանակ ուշադրության կենտրոնում է լինելու «Կազբեգի/Վերին Լարս» անցակետի հարցը, որն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ. «Ներկայումս «Վերին Լարսով» անցնում են մեծ քանակությամբ մեքենաներ, այդ թվում նաև հարևան երկրներից և առաջին հերթին Հայաստանից ու Թուրքիայից:

Նկատեմ, որ «Վերին Լարսը» ոչ միայն պետական սահման է Վրաստանի ու Ռուսաստանի միջև, այլև՝ յուրօրինակ տնտեսական սահման Հայաստանի ու Ռուսաստանի միջև, ինչպես նաև ցամաքային սահման Ռուսաստանի ու Թուրքիայի միջև:

Այդ պատճառով էլ այնտեղ հոսքը շատ մեծ է, առավել ևս, որ այս տարի մենք ունեցանք ռեկորդային թվով ռուս զբոսաշրջիկներ: Ահա այդ թեմայի շուրջ մենք անպայմանորեն կզրուցենք պարոն Կարասինի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս