Ինչպիսի արտոնյալ ժամկետ կստանա Հայաստանը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Անցած շաբաթվա վերջին արտգործնախարարությունը հրապարակեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագիծը։ …Հրապարակված փաստաթղթի համաձայն, գրեթե 800 ապրանքի ներմուծման մաքսատուրքերի գծով, որոնք ավելի բարձր են ԵՏՄ-ում, Հայաստանը կստանա արտոնյալ ժամկետ։

Ապրանքների հիմնական մասի դեպքում կլինի 4-5 տարի։ Կան նաեւ որոշ բացառություններ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է վերամշակման նպատակով ներմուծվող շաքարի հումքին, որի համար Հայաստանին տրվել է 10 տարվա՝ 2015-2025թթ., արտոնյալ ժամկետ։ Այդ ընթացքում շաքարի հումքի ներմուծման համար մաքսատուրք չի գանձվելու։ Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական տարածքին միանալուց հետո աննպատակահարմար է լինելու պատրաստի շաքարավազը միության տարածքից դուրս գտնվող այլ երկրներից ներկրելը։

Ավելին՝ շահավետ է դառնալու ներմուծվող հումքի վրա դրա ներքին արտադրության կազմակերպումը։ Հայաստանը 10 տարվա արտոնյալ ժամկետ կստանա նաեւ ռազմատեխնիկայի, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռների ներմուծման համար։ Դատելով հրապարակված փաստաթղթից՝ շաքարավազից, ռազմական տեխնիկայից եւ քաղաքացիական ինքնաթիռներից դուրս Հայաստանն արտոնյալ ներմուծման ժամկետ է ստացել շուրջ 770 ապրանքատեսակների համար։ Դրանց մեջ մտնում են ինչպես սննդային, այնպես էլ այլ ապրանքներ։

Օրինակ, տավարի եւ խոզի մսի ներմուծման ժամանակ մաքսատուրքերը նույնությամբ կգործեն մինչեւ 2018թ.»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս