ՀՀԿ-ական պատգամավորները փորձում են պարզել՝ Զ. Փոստանջյանը պատգամավորների քարտերը «գողանալիս» կարգազան՞ց է եղել, թե՞ հանցագործ

«Դուք չպատասխանեցիք՝ քարտերը գողանալը կարգազանցությո՞ւն է, թե՞ հանցագործություն»,- այսօր ԱԺ նիստում «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ հետաքրքրվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով գազային պայմանագրի քննարկման ժամանակ Փոստանջյանի ակցիան, երբ նա հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների քվեարկության քարտերը:

Զ.Փոստանջյանը պատասխանեց, որ այդ օրը Հովիկ Աբրահամյանը զագահարել էր իրավաբաններին, որպեսզի տեղեկանա, թե այդ քայլն ինչ է, անգամ գան խուզարկեն պատգամավորին. «Եթե քրեորեն հետապնդելի լիներ, դուք անգամ բռնի ուժով կգայիք, կտանեինք ինձնից քարտերը: Եթե հանցակազմ լիներ, գլխավոր դատախազն ինքը ընթացք կտար՝ առանց ձեր դիմումի»:

«Փաստորեն կարգազանցություն էր»,- եզրակացրեց Շարմազանովը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կրկնեց Շարմազանովի հարցադրումը՝ քարտեր «գողանալը» հանցագործությո՞ւն է, թե՞ կարգազանցություն:

«Դիմեք իրավապահներին»,- խորհուրդ տվեց Զ.Փոստանջյանը:

«Խորհուրդ Ձեր տանը տվեք: Դուք ներողություն պետք է խնդրեիք այս հանցագործության համար»,- հակադարձեց Ս.Ավետիսյանը:

«Դուք պետք է ներողություն խնդրեիք ժողովրդից, որ գազը թանկացել է»,- պատասխանեց Զ.Փոստանջյանը:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ եթե Փոստանջյանի տեղում լիներ, կասեր՝ քաղաքական ակցիա է: Նա նշեց, որ եթե քրեականացվի, շատ-շատ խնդիրներ կլինեն և շեշտեց, որ ոչ մեկն իրավունք չունի ԱԺ պատգամավորին զրկել ձայնի իրավունքից, իսկ ԱԺ նիստը զավեշտի և մանկապարտեզի չպետք է չվերածել:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արտահերթ ելույթի իրավունքով հայտարարեց, որ ողջունելի է պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը՝ պատգամավորներին զգոնացնելու համար: Բայց, ըստ նրա, քաղաքական եզրահանգումների վրա են լուծվում հարցերը, օրինակ՝ Փոստանջյանը նախագիծը ներկայացրել է, բայց լրիվ ուրիշ բաների մասին է խոսում: Նա նշեց, որ նիստը վարողն է որոշում՝ կարգազա՞նց է պատգամավորը, թե՞ ոչ, որպեսզի ապահովվի բնականոն ընթացքը.

«Այսինքն՝ Ուկրաինայի պատգամավորները պետք է բոլորը բերդերում լինեին, ինչ ասես՝ ասում են Թումանյանի շուն ու կատվի պես: Սա ընտանիք է, կարող է որոշ բաներ ասեն, բայց եթե դա նիստի բնականոն ընթացքը խաթարում է, օրենքն ասում է՝ զգուշացում, խոսափողի անջատում, մինչև նիստի ավարտը ձայնից զրկում և այլն»:

Գ.Սահակյանը նշեց, որ իրավապահ մարմինների և հանցագործ ճանաչելու կարիք չկա. «Ավել պակաս բաներ են խոսում, բայց չի նշանակում, որ քրեական գործ պետք է հարուցվի»:

Է.Շարմազանովը նույնպես արտահերթ ելույթով հանդես եկավ ու հիշեցրեց հունական ասացվածքը՝ «ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին», օրինակ՝ քարտերը կարելի է վերցնել, տեղից բղավել, ընդհատել. «Եթե մեզ լսի մի մարդ, ով վերջին մի տարում չի եղել, կասի՝ էս ԱԺ-ն ինչ է, հինգ հոգով նստում են, օրենքները շըփ-թըփ անցկացնում: Ինչի՞ եք խեղաթյուրում»: Շարմազանովը պնդեց, որ այսօր առավոտյան քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն «ֆոկուս» չէր անում և խնդրեց գիտակցել, որ որևէ նիստ վարող շահագրգռված չէ ընդհատել զեկուցողին, բայց պետք է պահպանել ընթացակարգը և պետք է լինել կոռեկտության շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս