ՀՀԿ-ական պատգամավորները շփոթմունքի մեջ են ընկել

Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» օրինագծի քվեարկությունը շփոթմունքի մեջ էր գցել ՀՀԿ-ական պատգամավորներին: Նրանք կողմ քվեարկեցին նախագծին, ինչը ծափերով ողջունեցին ԲՀԿ-ականները: ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Էդուարդ Շարմազանվը ցանկանում էր վերաքվեարկություն անցկացնել՝ պնդելով, որ օրինագիծը չի անցել, սակայն ոչ իշխանական ուժերն ընդդիմացան:

«Ես զարմանում եմ, էդքան փոքր հնարավորությունից կարելի՞ է ուրախանալ»,- նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Չի անցել, նենց չի, որ անցել է, ես դնում եմ վերաքվեարկության: Ձեր խմբակցությունից (նկատի ունի ԲՀԿ-ին) 2 հոգի են սխալ քվեարկել, մեր խմբակցությունից՝ 6: Հաշվելու փոխարեն վերաքվեարկություն անենք»,- ասաց Է.Շարմազանովը:

ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը պահանջեց ցույց տալ ԱԺ կանոնակարգի կետը, որի համաձայն՝ կարելի է վերաքվեարկություն կազմակերպել:

ԱԺ կանոնակարգին հղում անելու փոխարեն՝ Է.Շարմազանովը հիմնավորեց, թե պատգամավորները ասում են, որ շփոթվել են: Ամեն դեպքում նա հնչեցրեց առաջին քվեարկության արդյունքները՝ դեմ 42, կողմ 47, և հայտարարեց, որ նախագիծը չի անցել:

Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պնդեց. «Մարդիկ ասում են սարքավորումը չի աշխատել»: Ի վերջո, վերաքվեարկությունն անցկացվեց և Է.Շարմազանովը հայտարարեց վերջնական արդյունքները՝ կողմ 40, դեմ 63, ձեռնպահ 3:

Տեսանյութեր

Լրահոս