Դատարանը Արայիկ Քոթանյանի որդուն դատապարտել է ազատարկման և որոշել պատիժը պայմանականորեն չկիրառել
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 50 հազար դրամի չափով:
Դատարանի վճռով՝ Սամվել Քոթանջյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական կայքում հրապարակված դատավճռից, նախաքննության ընթացքում գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քաղաքապետի խորհրդականի որդուն մեղադրանք է առաջադրել այն արարքի համար, որ նա երկու անձնանց հետ «2014թ. հունիսի 06-ին ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի թիվ 72, այնուհետև թիվ 74 բնակելի շենքերի բակում, չնչին առիթով, այն է Ս. Փայասլյանի որդու խաղալիքը կոտրելու պատճառով, վիճաբանել են Գոռ Հովհաննիսյանի և գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարակից շենքերի բնակիչների մոտ տագնապային իրավիճակ ստեղծելով, անտեսելով վիճաբանությունը դադարեցնելուն ուղղված բնակիչների հորդորները, շուրջ 5 րոպե տևողությամբ բարձրաձայն աղմկել են, տվել սեռական բնույթի հայհոյանքներ` խախտելով հասարակական կարգը, ինչով բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության անդամների նկատմամբ»:
Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանաի համար, որ նշված վիճաբանության ընթացքում, նկատելով իրենց հետ վիճաբանող անձանց ագրեսիվ վարքագիծը, իր կողմից ապօրինի ձեռք բերված և ավտոմեքենայում պահվող «Մակարով» տեսակի առանց նույնացման համարի հրազեն հանդիսացող ատրճանակից երեք անգամ անհասցե կրակոցներ է արձակել օդ, որից հետո վերջիններս դիմել են փախուստի:
Մյուս երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ երեխայի խաղալիքը կոտրելու պատճառով, վիճաբանել են Գոռ Հովհաննիսյանի և գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարակից շենքերի բնակիչների մոտ տագնապային իրավիճակ ստեղծելով, անտեսելով վիճաբանությունը դադարեցնելուն ուղղված բնակիչների հորդորները, շուրջ 5 րոպե տևողությամբ բարձրաձայն աղմկել են, տվել սեռական բնույթի հայհոյանքներ խախտելով հասարակական կարգը, ինչով բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության անդամների նկատմամբ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ մեղադրանքը պարզ է, համաձայն են առաջադրված մեղադրանքին, գիտակցում են արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, միջնորդությունը ներկայացրել են կամավոր` պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանի վճռում նշված է, որ դատարանը որպես երևանի քաղաքապետի խորհրդականի որդու անձը բնութագրող տվյալներ, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չէ, լիովին ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, խնամքին է գտնվում մանկահասակ երեխան, բնութագրվում է դրական, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև` կամովին ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակը:
Մյուս երկու ամբաստայալները դատարանի վճռով տուգանվել են 50 հազար դրամով: Նշենք, որ դատարանի այս վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հրապարակումից մեկ ամիս անց: