«Ժառանգության» փոխնախագահ. Դրանից հետո Հայաստանը կմիանա Ռուսաստանին
«Այն, որ մեր իշխանությունները խաբելու վարպետ են, մեկ անգամ չէ, որ ապացուցել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագծի մասին: Որպես կոնկրետ օրինակ` նա հիշեցրեց գազի խնդիրը, երբ իշխանությունները, իր բնորոշմամբ, 2,5 տարի ամոթանք էին տալիս ընդդիմությանը, թե սուտ են խոսում, որ գազը թանկանալու է կամ թանկացել է, բայց հետո պարզվեց` ոչ միայն թանկանալու է, այլև արդեն թանկացել է, և Հայաստանը կուտակել է 300 մլն դոլարի պարտք:
Հիշեցնենք, որ պայմանագրի նախագիծը հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն, որին փաստաթուղթը տրամադրել էր Հայաստանի արտգործնախարարությունը: Փաստաթղթում նշվում է, որ Մաքսային միության տարածքում իրականացվում է մաքսային վերահսկողություն մաքսային սահմանը հատող ապրանքների նկատմամբ, ինչը «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կարծիքով` նշանակում է մաքսակետի տեղադրում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին:
«Ես մտավախություն ունեմ, որ փորձեն ոչ թե նույնիսկ հայ մաքսավոր դնել, այլ այլազգի, որովհետև ամենայն հավանականությամբ կենտրոնական մարմինը պետք է կարգավորի մաքսակետերի աշխատանքը, և հնարավոր է, որ իրենք այդ պահանջն ամբողջությամբ կիրառեն և կյանքի կոչեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Ա. Մարտիրոսյանի խոսքով` իշխանություններն այսօր էլ են հավաստիացնում, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ չի լինելու, բայց մինչև գործընթացը չսկսվի, դժվար է ասել` մաքսակետ կլինի, թե ոչ:
Մեր խնդրանքով անդրադառնալով այս հարցի կապակցությամբ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի երեք մտավախություններին (առաջինը մաքսակետի, երկրորդը` սահմանակետի բացում, երրորդը` ռուս զինվորների ներկայությունը այդ սահմանակետին)`Մարտիրոսյանն ավելացրեց չորրորդ տրամաբանական զարգացումը` դրանից հետո Հայաստանը կմիանա Ռուսաստանին. « Հայաստանի իշխանությունները մինչև վերջ այնպես կանեն, որ քաղաքացիները լքեն երկիրը, այլ երկրների քաղաքացիություն ստանան, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը` մեծամասամբ դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ, և եթե Հայաստանում մեծամասամբ ապրեն Ռուսաստանի քաղաքացիներ, այդ դեպքում այդ տարածքը շատ հեշտությամբ կդառնա ռուսական»: