Սերժ Սարգսյանը ճիշտ շեշտադրումներ է արել՝ Հայաստանը չէ, որ Արցախը կարող է զիջել Ադրբեջանին

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթին: Նրա խոսքով՝ իր աչքին առաջին հերթին զարնել է այն, որ ՄԱԿ-ում ունեցած ելույթում նախագահը չի օգտագործել մի հասկացություն, որն օգտագործվում է բոլորի կողմից՝ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. «Օսմանյան կայսրություն արտահայտությունն այստեղ բացակայել է, և դա սկզբունքորեն ճիշտ է, քանի որ ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլև նրա սահմաններից դուրս, և ոչ միայն Օսմանյան կայսրությունն է այդ քաղաքականությունը վարել, այլև դրանից հետո եկած Թուրքիայի հանրապետությունը»:

Քաղաքագետի կարծիքով՝ նախագահը շատ տեղին բարձրացրեց նաև Ցյուրիխյան արձանագրությունների հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը. «Իմ կարծիքով՝ ճիշտ շեշտադրումներով է արված, և Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը՝ որպես թուրքական կողմի նախապայման, լավ է քննադատված: Կա մի կարևոր հանգամանք ևս. Հայաստանը չէ, որ Արցախը կարող է զիջել Ադրբեջանին: Այն ինքնուրույն, կայացած պետություն է և ինքն է որոշում իր խնդիրները: Դա, ըստ իս, ավելի կուժեղացներ այն ճիշտ շեշտադրված դրույթները, որ առաջ էին քաշված նախագահի կողմից այդ հարցի կապակցությամբ: Մեր քայլերը բացահայտել են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ բնույթը: Մինչև դա չարվի, այդ խնդրի կերպարը մեր օգտին չի աշխատի»:

Մյուս հարցը, որին նախագահն անդրադարձավ, Մերձավոր Արևելքի քիրստոնյա հատվածի ճակատագրի հարցն է: Ըստ Ալեքսանդր Մանասյանի՝ դա այն հարցն էր, որ անկասկած ևս պիտի բարձրացվեր. «Լավ էին ընտրված նյութերը՝ այդ թվում նաև եզդի բնակչության հետ կապված հարցադրումը քաղաքական իմաստով: Իմ կարծիքով՝ Մերձավոր Արևելքում հենց այսօր տեղի է ունենում քաղաքակրթությունների դիմաբախություն և պատերազմ: Մի կողմից՝ իսլամական արմատականությունն է, որը հանդուրժողականության դեմ է հանդես գալիս, իսկ մյուս կողմում բոլոր այն ուժերն են, որոնք աշխարհը չեն պատկերացնում առանց այդ քաղաքակրթական արժեքի՝ հանդուրժողականության: Բայց երբ մենք ասում ենք իսլամական արմատականություն, դա չի նշանակում, թե ամբողջ իսլամն է այդտեղ: Մեր հարևան Իրանը դուրս է մնում դրանից , և պարզվում է՝ իսլամական արմատականությունը չի ներկայացնում պետությունների խումբ, այլ դա շարժում է, որն ուղղված է քաղաքակարթական որոշակի արժեքների դեմ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս