
Կասպիցի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է ստորագրվել 2015 թվականին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Կասպիցի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախապատրաստման հարցում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, ինչն էլ հնարավոր է դարձրել կոնվենցիան արդեն 2015 թվականին, Ղազախստանում ստորագրելը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Ուշակովի խոսքերով` վերջին շրջանում ինտենսիվացել է փորձագետների աշխատանքը, ինչի շնորհիվ էլ զգալի առաջընթաց է գրանցվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման հարցում:
Ուշակովը չի բացառել, որ Կասպիցի իրավական կարգավիճակի մասին կարող է ստորագրվել հաջորդ տարի Ղազախստանում կայանալիք Կասպյան երկրների գագաթաժողովում: Կասպյան երկրների հաջորդ գագաթաժողովն անցկացվելու է այս տարվա սեպտեմբերի 29-ին, Աստրախանում: