Պետրոս Մակեյանը՝ Ս.Խաչատրյանի նշանակման մասին. «Գոյություն ունեցող քառյակը կամ եռյակը լուրջ անվտանգության երաշխիքներ է տալիս վարչախմբին»
«Ճիշտն ասած, արդեն երկրորդ օրն է` հետևում եմ այն զարմանքի տարափին, որ կա այդ նշանակումով: Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են»,- 168.am-իհետ զրույցում ասաց «Ժողովրդական հայրենիք» կուսկցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով Սուրիկ Խաչատրյանի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակման մասին:
Ըստ Պ. Մակեյանի՝ 1999թ. Հոկտեմբերի 27, 2004թ. Բաղրամյան պողոտայում ապրիլի 13-ի օպերացիա, Պողոս Պողոսյանի սպանություն, մի քանի տասնյակ պետական գործիչների սպանություն, վերջապես՝ Մարտի 1, կաշառակեր, կոռումպացված օլիգարխիկ կառավարության կազմը տեսած ժողովուրդը չպետք է զարմանա այդ նշանակումով. «Սովորական երևույթ է, Սերժը ճիշտ է ասում՝ գրողը տանի հասարակական կարծիքը»:
Հարցին՝ Ձեզ համար սպասելի՞ էր այդ նշանակումը, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում, ի՞նչ խնդիր ունեն իրենք»:
Մեր հարցին, թե հանրության բողոքի ալիքը կարո՞ղ է որևէ արդյունք տալ, Պ. Մակեյանն պատասխանեց. «Հանրության բողոքի ալիք չի բարձրանա, որովհետև գոյություն ունեցող քառյակը կամ եռյակը լուրջ անվտանգության երաշխիքներ է տալիս վարչախմբին, իրենք են այդ ալիքը տանում, իրենք ուղղորդում են, և, բնականաբար, այդ հախուռն կամ կազմակերպված բողոքի ալիքը այս պահին չի լինի, որովհետև գոնե մինչև հոկտեմբերի 10-ը այդ իրավիճակն իրենք վերահսկում են»: