Եռյակը կապահովի Սերժ Սարգսյանի պատմական ընտրությունը

Որքան մոտենում է ոչ իշխանական ուժերի եռյակի հայտարարած հանրահավաքի օրը, այնքան ավելի շատ են եռյակին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից հայտարարություններ հնչում այն մասին, որ հանրահավաքի ընթացքում արտաքին քաղաքականությանը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրությանն անդրադարձ չի լինելու: Եռյակի որոշ ներկայացուցիչներ, ավելի առաջ ընկնելով՝ հայտարարում են, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամենակարևոր հարցը չէ: Այս հայտարարությունները, բնականաբար, ուղղված են ոչ թե ներքին լսարանին, ոչ թե հանրահավաքին մասնակցել պատրաստվող քաղաքացիներին, այլ Կրեմլին:

Դրանք ոչ թե հայտարարություններ են, այլ հավաստիացումներ առ այն, որ ոչ իշխանական ուժերի եռյակը որևէ պարագայում Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի կատարի: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հանրահավաքի օրը՝ հոկտեմբերի 10-ը: Նույն այդ օրը Մինսկում կայանալու է Եվրասիական տնտեսական միության ղեկավարների գագաթաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է, որ վերջնական տեսք պետք է ստանա այդ կառույցին Հայաստանի անդամակցությունը: Տեղի կունենա՞ դա, թե՞ ոչ՝ դժվար է ասել, քանի որ Հայաստանի անդամակցության արդեն մի քանի ժամկետներ են հայտարարվել և հետաձգվել:

Բայց առավել հետաքրքիր է հանգամանքը, որ Հայաստանի ոչ իշխանությունը, որն իբրև կատաղի պայքար է մղում իշխանության դեմ, հանրահավաք է հայտարարում նույն այն օրը, երբ Մինսկում նախատեսվում է Հայաստանի ինքնիշխանության կորուստը վերջնականացնող փաստաթղթի վավերացումը, և չի պատրաստվում անգամ անդրադառնալ այդ հարցին: Սա նշանակում է, որ ոչ իշխանական ուժերը կամ հավատում են նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը «որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անվտանգությանը», կամ նրանց համար Հայաստանի ինքնիշխանությունն ունի նույն արժեքը, ինչ իշխանությունների համար, այսինքն՝ հավասար է զրոյի:

Ավելի հավանական է երկրորդ տարբերակը, քանի որ, ինչպես իշխանությունը, այնպես էլ ոչ իշխանական ուժերը Հայաստանի ինքնիշխանությունը համարում են իշխանությունը պահպանելու կամ իշխանության գալու միջոց: Ու դրա համար ոչ իշխանության ներկայացուցիչներն իշխանության ներկայացուցիչների հետ համերաշխորեն լռում են, երբ Կրեմլի հերթական հաստիքային կամ արտահաստիքային ներկայացուցիչը հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է անում Հայաստանի հասցեին:

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նախօրեին ուղիղ, առանց այլևայլությունների հայտարարել է, որ եթե Հայաստանը, ի վերջո, չընտրի Եվրասիական միությունը, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն հայկական պետականության, այլև ընդհանրապես հայերի ապագան: «Ցանկացած դեպքում Հայաստանը պետք է կատարի իր ընտրությունը, որովհետև որպեսզի զարգանա Հայաստանի նման փոքր պետության տնտեսությունը, կյանքը, այն պետք է ինտեգրվի, այն պետք է անդամակցի ինտեգրացիոն ինչ-որ կազմավորումների…

Եվ այդ պատմական ընտրությունը, որը պետք է անի Հայաստանը, ահա այդ ընտրությունից շատ բան է կախված՝ կախված է պետության ապագան, հայ ժողովրդի ապագան, ընդհանրապես՝ հայերի ապագան»,- ասել է Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններով ոչ մեկ անգամ աչքի ընկած Կովալենկոն, որի այս հայտարարությունները, թերևս, կարելի է համարել Կրեմլի պատասխանը Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի անկախության մասին հայտարարություններին: Հայաստանի իշխանությունը կատարել է այդ «պատմական ընտրությունը», ոչ իշխանական ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի իշխանությունը հանկարծ չշեղվի «պատմական ընտրությունից»: Եռյակը, փաստորեն, հոկտեմբերի 10-ի հանրահավաքով իր աջակցությունն է հայտնում Սերժ Սարգսյանին՝ «պատմական ընտրությունը» վավերացնելու հարցում: Այլ հարց է, թե ո՞վ կփոխհատուցի այդ աջակցության դիմաց՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կրեմլը:

Բայց դա, հասկանալի է, ամենակարևոր հարցը չէ: Կան ավելի կարևոր հարցեր՝ քառյակի ներկայացրած 12 կետերը, սահմանադրական բարեփոխումները և, վերջին հաշվով՝ կարմիր գծերը:

Տեսանյութեր

Լրահոս