Նովոռոսիյսկում կտեղակայվեն 1500 կիլոմետր հեռահարության հրթիռներով սուզանավեր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նովոռոսիյսկի նավահանգստում կենրոնացվելու են այնպիսի սուզանավեր, որոնք կունենան ավելի քան 1500 կիլոմետր հեռահարության հրթիռներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն:
Նովոռոսիյսկի նավահանգստի զարգացման հարցով խորհրդաժողով անցկացնելու համար քաղաք է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վիտկոն նրան իրազեկել է Նովոռոսիյսկում Սևծովյան նավատորմի բազավորման կետի կառուցման ընթացքի մասին:
Վիտկոն Պուտինին զեկուցել է, որ Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելուց հետո տվյալ բազավորման կետի այժմեականությունը չի նվազել, քանի որ ՆԱՏՕ-ի ռազմանավերը մշտապես ներկա են Սև ծովում և պլանավորում են ռազմածովային բազա ստեղծել Սև ծովի ջրատարածությունում:
Վիտկոն հիշեցրել է, որ Նովոռոսիյսկից ռազմական ծովային փոխադրումներ են իրականացվում դեպի Ղրիմ ու Սիրիա: Վիտկոյի խոսքերով՝ Նովոռոսիյսկում բազավորման կետից սուզանավերի դուրս գալը քողարկման տեսանկյունից ավելի հուսալի է, քան Սևաստոպոլի պարագայում է: Պլանավորված է Նովոռոսիյսկում տեղակայել 7 սուզանավ: