15 տարում Հյուսիսային Կովկասում ոչնչացվել է ավելի քան 10.000 զինյալ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զորքերի միացյալ խմբավորման զինծառայողները Հյուսիսային Կովկասում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ոչնչացրել են ապօրինի զինված խմբավորումների ավելի քան 10.000 անդամի:
Այս մասին խմբավորան 15-ամյակի կապակցությամբ հայտարարել է ՌԴ ՆԳՆ-ի Ներքին զորքերի գլխավոր հրամանատար, Ներքին զորքերի Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Բունինը:
Նրա խոսքերով՝ 15 տարում իրենք Հյուսիսային Կովկասում իրականացրել են ավելի քան 40.000 հատուկ գործողություն, որոնց ընթացքում ոչնչացվել է զինյալների ավելի քան 5000 բազա, առգրավվել է ավելի քան 30.000 միավոր տարբեր տիպի զենք, վնասազերծվել է ավելի քան 80.000 ֆուգաս ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Բունինն ընդգծել է, որ այդ ամենի համար Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչմանն է արժանացել խմբավորման 93 զինծառայող, որոնցից 66-ը՝ հետմահու: Ավելի քան 23.000 զինծառայող էլ արժանացել են տարբեր շքանշանների ու պարգևների: