Պատանդ վերցնելը մեզ չի ստիպի հրաժարվել «Իսլամական պետության» դեմ պայքարից. Ֆաբիուս
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ը հաստատել է Ալժիրում ֆրանսիացու առևանգման մասին տեսանյութի իսկությունը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ տեսանյութում իսկապես պատկերված է ֆրանսիացի պատանդ Էրվե Գուրդելը, որին կիրակի առևանգել են Ալժիրի Տիզի-Ուզու շրջանում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ը կարծում է, որ «Իսլամական պետության» զինյալների արած սպառնալիքները հերթական անգամ հաստատում են խմբավորման անդամների դաժանությունը:
Տեսանյութում առևանգված ֆրանսիացին դիմում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով չմասնակցել Իրաքում զինյալների դեմ ռազմական գործողություններին:
Սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում անել դա՝ հավելելով, որ ահաբեկիչները չեն փոխի Ֆրանսիայի դիրքորոշումը: