Ի՞նչ է ՆԱՏՕ-ն առաջարկում Հայաստանին

Որքա՞ն կարող է խորանալ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Ի վերջո, ի՞նչ է ՆԱՏՕ-ն առաջարկում Հայաստանին, այն կարո՞ղ է հետագայում հավակնել դառնալու այլընտրանք ռուսական անվտանգության համակարգին:

Այսօրվա ասուլիսում պատասխանելով մեր այս հարցադրմանը`Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչն ասաց, որ Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ի՞նչ է ակնկալում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից: Այս առումով ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը հյուրընկալած երկրի դեսպանը Հայաստանը համարում է յուրահատուկ երկիր, որը և´ ռազմավարական խորը հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և´ շարունակում է համագործակցել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

«Կարծում եմ` այս պահին ՆԱՏՕ-ի նպատակն է աջակցել ռազմական բարեփոխումներին և ժողովրդավարության զարգացմանը այն երկրներում, որոնց հետ նա համագործակցում է: Սա ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականության առաջին սյունն է: Եվ երկրորդ սյունն է` քաջալերել իր հետ համագործակցող երկրներին, որպեսզի նրանք ևս ներգրավվեն միջազգային անվտանգության խնդիրների լուծմանը, ինչպես այժմ անում է Հայաստանը` մասնակցելով Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելությանը:

Գործընկերային հարաբերություններն առաջին հերթին կախված են գործընկեր երկրից, թե կոնկրետ ինչ է նա ուզում: ՆԱՏՕ-ն կարող է առաջարկել, բայց գործընկեր երկիրն ինքը պետք է որոշի, թե ինչն է բխում իր շահերից: Այս համատեքստում, կարծում եմ, Հայաստանը հրաշալի օրինակ է մի երկրի, որը ռազմավարական հարաբերություններ ունի ՀԱՊԿ-ի և, մասնավորապես, Ռուսաստանի հետ և միաժամանակ կարողանում է համագործակցել նաև ՆԱՏՕ-ի հետ ու շարունակում է փնտրել ավելի լայն հնարավորություններ բարեփոխվելու, զարգանալու, ինչպես նաև նպաստելու ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի աշխատանքին»,- նշեց Քեթի Լիչը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-5-ին մասնակցեց Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության մասնակից պետությունների գագաթաժողովին: Սա վերջին 5 տարվա մեջ Հայաստանի նախագահի առաջին մասնակցությունն էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Հայաստանի մասնակցությունը բարձր գնահատվեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների և փորձագետների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս