
Օջալանը «Իսլամական պետության» դեմ համախբվելու կոչ է հղել բոլոր քրդերին

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել: Օջալանը «Իսլամական պետության» դեմ համախմբվելու կոչ է արել քրդերին:
Նա ընդգծել է, որ իր այդ կոչը հասցեագրում է ոչ միայն Ռոժավային (Սիրիական Քրդստան), այլև՝ քուրդ ժողովրդի բոլոր հատվածներին, այդ թվում նաև հյուսիսին (Թուրքիայի քրդեր)` պատրաստ գտնվելու համար մեծ պատերազմին:
Օջալանն անդրադարձել է նաև Թուրքիայում «Քրդական հարցի» կարգավորման խնդրին՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են այդ հարցը ժողովրդավարական ճանապարհով լուծելու համար պատրաստ են ամեն տիպի քայլերի, սակայն պետությունն ու կառավարությունը չեն սկսում բանակցային գործընթաց:
Հիշեցնելով, որ Թուրքիայի կառավարությունն Իրաքում թուրք պատանդների ազատ արձակման հարցով չի խորշել «Իսլամական պետության» հետ բանակցություններ վարելուց և այդ մասին հանրությանը բաց կերպ հայտնելուց՝ Օջալանը նկատել է, որ դրա հետ մեկտեղ Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է «Քրդական հարցի» շուրջ բանակցություններ վարել: