
ԱՄՆ-ն առաջին անգամ մարտի է նետել F-22 Raptor կործանիչներ

The Time-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է F-22 Raptor կործանիչներ: Այս մասին հայտնել են Պենտագոնում առկա աղբյուրները:
Տվյալ տիպի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի Ռաքքահ քաղաքին ու նրա արվարձանին: Այդ քաղաքը համարվում է «Իսլամական պետություն» զինյալների հիմնական ամրակետը:
Սրանից առաջ Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ ահաբեկիչներին դիրքերին հարվածելու համար կիրառվել են Tomahawk թևավոր հրթիռներ:
Դեռ հայտնի չէ, թե Սիրիայում ինչպիսի առաջադրանքներ են կատարել F-22 կործանիչները: Այսօր առավոտյան Սիրիայում ավիահարվածներ են հասցվել «Իսլամական պետության» դիրքերին, որոնց ԱՄՆ-ից բացի, մասնակցել են նաև Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Իրաքի տարածքում խոցել է «Իսլամական պետության» մոտ 200 թիրախ: