
ԱՄՆ-ն աջակցում է Ղազախստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն աջակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ղազախստանի անդամակցությանը: Այս մասին երեկ Նյու Յորքում Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Քերին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղազախստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և համաշխարհային արենայում նրա աճող հավակնություններին: Քերին ու Իդրիսովը քննարկել են նաև ռազմավարական գործընկերությունն ու համագործակցությունը: Իդրիսովը Ջոն Քերիին հրավիրել է ցանկացած հարմար ժամկետում այցելել Ղազախստան: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ռուս պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր Ուկրաինայից հետո հաշիվները մաքրել Ղազախստանի հետ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղազախստանը երբեք չի եղել պետություն: