Սաուդյան Արաբիան Չինաստանից գնել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ
Want China Times պարբերականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան Չինաստանից գնել է որոշակի քանակի միջին հեռահարության DF-21 բալիստիկ հրթիռներով շարժական համալիրներ: Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի անվտանգության միացյալ խորհրդի խորհրդական, պաշտոնաթող գեներալ-մայոր Անվար Էշկին:
Նրա խոսքերով՝ երկիրն արդեն իսկ ստացել է այդ համալիրներն ու ավարտել է պաշտպանական համակարգին դրանց ինտեգրումը: Էշկին ընդգծել է, որ Սաուդյան Արաբիային չինական հրթիռներն անհրաժեշտ են եղել Պարսից ծոցում դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև Մեքքա ու Մեդինա քաղաքները հնարավոր հարձակումից պաշտպանելու համար:
Սաուդցի զինվորականները վստահեցնում են, որ DF-21 բալիստիկ հրթիռները հարձակողական զենք չեն: ԱՄՆ-ը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիայի կողմից չինական հրթիռների գնումը, քանի որ դրանք պատվիրվել են «ոչ միջուկային հանդերձանքով»: