«Վախեցած Ռուսաստանը վախենում է տնտեսականից մի բառ ավել ասել». Աշոտ Մանուչարյան

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների մասին ասաց, որ սա նոր երևույթ չէ, բայց բոլորը մտածում են` արդյո՞ք Ռուսաստանը խեղճացած է, Հայաստանի վրա սա ի՞նչ ազդեցություն կունենա և այլն:

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի դեմ վաղուց են պատժամիջոցներ կիրառվում: Խորհրդային միության փլուզումից հետո այդ պատժամիջոցների շղթան սրընթաց աճում է և դրանք ուղղված են ետխորհրդային տարածքում գտնվող բոլոր երկրների դեմ:

Հայաստանն Ադրբեջանի հետ ունի կոնֆլիկտ, որը ավելի զարգացավ, Ադրբեջանի ատելությունն ավելի մեծացավ, սկսեցին նրան զինել. սա պատժամիջոց էր Հայաստանի դեմ: Գուցե դա սկզբից պատժամիջոց էր Իրանի դեմ, որը սակայն վերածվեց պատժամիջոցի` Հայաստանի դեմ: Հայաստանին բլոկադայի ենթարկեց ՆԱՏՈ-ի երկիր Թուրքիան, սա ևս պատժամիջոց էր:

Պատժամիջոց է նաև կառավարման օլիգարխիական համակարգը, որն անընդհատ կապում ենք Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանն իր զարգացման մոդելը չունի, նա նույնպես վերցրեց Արևմուտքից և արեց այն, ինչ պահանջում էր Արևմուտքը, որ դառնա առաջադեմ երկիր»,- պարզաբանեց նա:

Կարդացեք նաև

Աշոտ Մանուչարյանը խոսեց նաև հակառակ երևույթի մասին՝ ասելով. «Երբ Վրաստանը կռվում էր Աբխազիայի դեմ, Ռուսաստանը Աբխազիային բլոկադայի ենթարկեց: Հայաստանն էլ է մասնակցել Աբխազիային բլոկադայի ենթարկելու գործընթացին: Մենք վրդովվում ենք, որ Թուրքիան մեզ բլոկադայի է ենթարկում Ղարաբաղի պատճառով, բայց նույն բանին մենք մասնակցել ենք Աբխազիայում»,- ասաց նա:

Ըստ բանախոսի`այս ամենը պատժամիջոցների մի կծիկ է, որը բերել է նրան, որ այդ ամբողջ ետսոցիալիստական տարածքը դառնում է երկրորդական, հետ մնացող տարածաշրջան, երբ որ եղել է երկրորդ առաջին տեղում, այսինքն` մի առաջին տեղում ԱՄՆ էր իր դաշնակից Եվրոպայի հետ, երկրորդ առաջին տեղում` ԽՍՀՄ-ը և նրա դաշնակից երկրները` Արևելյան Եվրոպայի հատվածում: Նա նշեց, որ արդեն 25 տարի է հետ ենք գլորվում այդ կարգավիճակից:

Այս ամենն ունի իր պատճառները, որոնցից գլխավորը Աշոտ Մանուչարյանը համարում է այն, որ խորհուրդները ամբողջությամբ ստանում ենք Արևմուտքից. «Դրա համար բլոկադան մեզ համար նորություն չէ, այլ նորություն է այն, որ կարծես թե Ռուսաստանն ուզում է խելքի գալ, անկախություն ձեռք բերել և անկախ քաղաքականություն վարել: Ռուսաստանը հիմա կախյալ երկիր է, ինչպես մենք: Բայց կասկածները մեծ են, որ Ռուսաստանը կկարողանա անել դա»,- նշեց նա:

«Սրանք այն հիմնական պատճառներն են, որ Ռուսաստանը հիմա մեզ նոր առաջարկ է անում»,- կարծում է փորձագետը:

«Ռուսաստանն ասում է` մեզ չեն թողնելու զարգանանք, եկեք միասին մի մեծ տնտեսական համակարգ ստեղծենք և այդ տնտեսական համկարգում փորձենք ինքներս ինչ-որ բան արտադրել, իրար սպասարկենք ու բոլորս զարգանանք, մեկ է մեզ ոչ -ոք ոչ նոր տեխնոլոգիա է տալու, ոչ էլ հնարավորություն, որ զարգացնենք արդյունաբերոթյունը, տնտեսությունը, գիտությունը: Վախեցած Ռուսաստանը վախենում է տնտեսականից մի բառ ավել ասել»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս