Անմեղունակ երիտասարդը գյուղի կենտրոնում վիճաբանել է տղաների հետ, հայհոյել նրանց

Դատարան է ուղարկվել անմեղսունակ երիտասարդի դեմ հարուցված քրեական գործը
Մեղադրական եզրակացության համաձայն՝ անմեղունակ երիտասարդը Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի կենտրոնում՝ գյուղապետարանի դիմաց, միայնակ կանգնած է եղել: Այդ պահին գյուղի ներքևի թաղամասից դեպի գյուղի կենտրոն, որտեղ կանգնած է եղել Արթուր Հայրապետյանը, գնացել են երկու երիտասարդներ, որոնցից մեկը բարևել է անմեղսունակ երիտասարդին և շարունակել է ճանապարհը:
Իսկ երիտասարդներից մեկը մոտեցել է նրան, ձեռքով բարևել և սկսել է զրուցել վերջինիս հետ: Զրույցի ընթացքում անմեղսունակ երիտասարդն առաջարկել է իր համար, ամուսնանալու նպատակով, աղջիկ գտնել: Երիտասարդը հրաժարվել է կատարել նրա պահանջը, որը ցավագնորեն է ընդունել վերջինս և առանց որևէ հիմնավոր պատճառի՝ վիճաբանության մեջ է մտել երտասարդի հետ, սկսել է գոռգոռալ, տալ սեռական բնույթի հայհոյանքներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ անմեղսունակ երիտասարդի գոռգոռոցի, հայհոյանքների վրա սկսել են հավաքվել Եղեգիս համայնքի բնակիչները` թվով 15-20 քաղաքացիներ, նաև երիտասարդի հայրը, ով մեկ այլ անձի օգնությամբ հանգստացրել են անմեղսունակ երիտասարդին և ուղարկել են դեպի տուն:

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ անմեղսունակ երիտասարդը, դիտավորություն ունենալով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, իրենց տնից վերցրել է փայտ կտրելու մեխանիկական գործիքի մետաղյա սղոցը, գնացել է գյուղի կենտրոն՝ «իր գերազանցությունը մյուսների նկատմամբ ընդգծելու դիտավորությամբ, մարդկանց չհարգելու եսամոլությունից դրդված, լցված լինելով արհամարհանքով շրջապատի նկատմամբ, սեփական անձի առավելությունները ընդգծելու նպատակով, անթաքույց արհամարհելով օրենքներն և բարոյական նորմերի պահանջները, բացահայտ մարտահրավեր նետելով քաղաքացիների` իր համագյուղացիների իրավունքների և օրինական շահերի նկատմամբ, խուլիգանական մղումներից ելնելով և գիտակցելով, որ խախտում է հասարակական կարգը և գիտակցաբար այն թույլ տալով», բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, արտահայտություններ, որի ընթացքում ձեռքին գտնվող փայտ կտրելու մեխանիկական գործիքի մետաղյա սղոցը, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ` դիտավորությամբ հարվածել այն երիտասարդի ձախ ձեռքի 3-րդ և 4-րդ մատներին, որի հետ վիճել էր:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ ներկա գտնվող մյուս քաղաքացիները միջամտել են, անմեղունակ երիտասարդին նորից ճանապարհել են դեպի տուն: Բայց,նա, չբավարարվելով դրանով, ճանապարհից վերցրել է քարը, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ փորձել է հարվածել երիտասարդի գլխին: Նորից միջամտել է ներկաներից մեկը, նրա ձեռքից խլել է քարը և շպրտել է միջադեպի վայրում տեղակայված խանութի հետևի կողմը:

Միջամտությունն էլ ավելի է վրդովեցրել անմեղսունակ երիտասարդին, նա շարունակել է տալ հայհոյանքներ, սեռական արտահայտություններ և դիտավորությամբ գլխով հարվածել է միջամտողի դեմքին և վերջինիս առողջությանը պատճառել է վնաս, որն առաջացրել է նրա առողջության կարճատև քայքայում:
Ներկաների միջամտությամբ միջադեպը դադարել է:

 

Տեսանյութեր

Լրահոս