Բաժիններ՝

Ո՞ր տեղում է Հայաստանը հաջող-անհաջող երկրների վարկանիշային աղյուսակում

«Հայաստանն արդեն 23 տարի մյուս սովետական հանրապետություններից անկախ է, և շատ կարևոր է, թե ինչ է տվել 23 տարին այդ բոլոր հանրապետություններին: Գոյություն ունեն մի շարք միջազգային վարկանիշներ, որոնցից կարևորները երեքն են՝ հաջող-անհաջող պետությունների վարկանիշ, պետությունների գործունակության վարկանիշ և բնակչության բարեկեցության վարկանիշ: Հայաստանը հաջող երկրների շարքում բավականին լավ ցուցանիշ ունի՝ 104-րդ տեղում է: Ւնչ վերաբերում է գործունակությանը, ապա Հայաստանն այս ցուցակում 101-ն է: Գործունակությունը չափվում է 12 չափանիշներով, որոնցից կարևորը երկուսն են՝ սահմանների պահպանումը և ներքին անվտանգության ու կայունության պահպանումը: Այդ առումով շնորհիվ մեր հաղթանակների մենք բավական կայուն, գործունակ պետություն կարողացանք ստեղծել այս 23 տարում»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ:

Նրա խոսքով՝ այս ամենը բոլորովին էլ չի նշանակում, որ մեր երկրում ամեն ինչ լավ է, քանի որ բարեկեցության առումով մենք բավականին զիջում ենք մյուս երկրներին՝ 95-րդն ենք 177 երկրների մեջ, այսինքն՝ մենք գտնվում ենք միջին երկրների սահմանում և դրան հասել ենք ընդամենը 23 տարում. «Այդ 177 երկրների շարքում կան երկրներ, որոնք մի քանի հարյուր տարվա պատմություն ունեն ու չեն կարողացել հասնել բարեկեցության այն մակարդակին, որ այսօր ունի Հայաստանը: Բայց երբ մեկն ուզում է գալ Հայաստան և ուզում է հասկանալ՝ ինչ երկիր է գալիս, այդ վարկանիշներով որոշում է պետության գործունակությունը, սահմանների պաշտպանվածության աստիճանը, ներքին կայունությունը, պայմանները, տնտեսական վիճակը, կրթական մակարդակը, գենդերային հավասարությունը և այլն»:
Ա. Ադիբեկյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ ԱՊՀ երկրներից ամենահաջողվածները Մերձբալթյան երկրներն են՝ այն էլ ոչ բոլոր առումներով. նրանք Եվրոպային մոտ են, մեծ աջակցություն են ստանում, օրինակ, Շվեդիայից, Նորվեգիայից և այլ երկրներից, բայց ըստ նրա՝ կարողությունների առումով Հայաստանն ամենահաջողվածն է, քանի որ լինելով պատերազմող երկիր, լինելով շրջապատված, ունենալով մեծ արտագաղթ՝ նա պահպանում է իր վարկանիշը և բավականին բարենպաստ մակարդակի վրա է:

Սոցիոլոգի խոսքով՝ սոցհարցումներ են անցկացվել Հայաստանի 4400 բնակիչների շրջանում՝ հասկանալու համար, թե որոնք են տեսնում որպես կենսական նշանակության երեք խնդիրներ. «Այդ սոցհարցման արդյունքում պարզ դարձավ, որ աշխատատեղերի ստեղծումը, հարկերի նվազեցումը և փոքր բիզնեսին պետական աջակցությունը մեր քաղաքացիներին ամենից շատն է հուզում: Ի դեպ, նշեմ նաև, որ բժիշկների արտագաղթի թվաքանակով Հայաստանը 2-րդ տեղում է աշխարհում»:

Որքանո՞վ է արժևորում հայ անհատն այսօր իր իսկ անկախությունը: Այս հարցին պարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ Սովետական Միության պայմաններին սովոր սերունդը պատրաստ չէ կտրուկ անցումներին, պատրաստ չէ ղեկը վերցնել իր ձեռքը. «Չաշխատել, գողանալ, ապրել, ընտանիք պահել. այս պայմաններին սովոր սերունդն ասում է, որ այն ժամանակ ավելի լավ էր: Բայց չէ՞ որ այն ժամանակ մենք անասունի նման էինք ապրում. մեզ գոմում պահում էին, կերակրում էին դոզայով, կթում էին ինչքան որ իրենց պետք էր, մենք մեզ նորմալ էինք զգում և թվում էր՝ պրոբլեմ չունեինք: Հիմա մենք ազատ ենք, մենք պետք է մեր խնդիրները լուծենք: Մեր սերունդը պատրաստ չէ դրան, և ամենամեծ դժբախտությունը դա է: Այս անցումային շրջանը բավականին ծանր պետք է նստի բոլոր երկրների վրա. Մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ: Մենք գոնե կարողացանք որոշ ազգային խնդիրներ լուծել»:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս