Սերժ Սարգսյան. Շոտլանդիայի հանրաքվեն միջազգային հանրության համար մեծ խորհուրդ պարունակող հանրաքվե էր
Պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփման ընթացքում պատասխանել է նաև Շոտլանդիայի հանրաքվեին վերաբերող հարցին: Այդ առիթով Նախագահը, մասնավորապես, ասել է.
«Երեկ մենք ականատես եղանք Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեին, որի միջոցով ևս մեկ ազգ ազատ կամարտահայտությամբ որոշեց սեփական ճակատագիրը տնօրինելու հարցը: Հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են, և շոտլանդացի ժողովրդի հավաքական որոշումն արժանի է հարգանքի: Անկախ հանրաքվեի արդյունքներից, այստեղ գլխավորն այն է, որ շոտլանդացի ժողովրդին հնարավորություն ընձեռնվեց իրացնելու իր անօտարելի՝ ինքնորոշման իրավունքը:
Չեմ կարող հիացմունքի խոսքեր չարտահայտել Մեծ Բրիտանիայի կառավարության և ժողովրդի հասցեին, որոնք խնդրի կարգավորման համար ընտրեցին քաղաքակիրթ պետությանը վայել ժողովրդավարական մեթոդներ, թեև, ակնհայտ էր, թե որքան դժվար էր այդ անելը:
Միաժամանակ, միջազգային հանրության տեսակետից այստեղ կարևոր է երևույթն ինքին. խաղաղ ձևով որոշվեց մի ողջ ժողովրդի հետագա կարգավիճակը և այդ ժողովուրդն ազատ բանավեճի միջոցով որոշեց իր հետագա ճակատագիրը:
90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ փորձեց խաղաղ ճանապարհով՝ հանրաքվեի միջոցով, որոշել իր ապագան: Սակայն, Ադրբեջանի իշխանությունները նրանց պատասխանեցին Բաքվի և Սումգայիթի կոտորածներով, զանգվածային տեղահանություններով և ի վերջո՝ պատերազմով: Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից: Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը ևս՝ հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է:
Շոտլանդիայի հանրաքվեն միջազգային հանրության համար մեծ խորհուրդ պարունակող հանրաքվե էր, և շատ լավ օրինակ, թե ինչպես է հնարավոր լուծում տալ այնպիսի կարևորագույն հարցի, ինչպիսին դրված էր երեկվա հանրաքվեի հարցաթերթիկում»: