
Թուրքիայի կողմից բուֆերային գոտի ձևավորելը վերջ կդնի քրդական հարցի կարգավորմանը. Քարայըլան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Մուրաթ Քարայըլանը հայտարարել է, որ եթե Թուրքիան որոշի բուֆերային գոտի ձևավորել Սիրիայի քրդաբնակ գոտում, ապա դա վերջ կդնի Թուրքիայում քրդական հարցի կարգավորման գործընթացին:
Քարայըլանն ընդգծել է, որ եթե թուրքական բանակը բուֆերային գոտու ստեղծման պատրվակով գրավի Ռոժավան (Սիրիական Քրդստան), ապա դրանով իսկ նա պատերազմ կսկսի ողջ քուրդ ժողովրդի դեմ. «Բուֆերային գոտի ստեղծելը նշանակում է օկուպացնել Քրդստանը»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե թուրքական բանակը պատրաստվում է բուֆերային գոտի ձևավորելուն` կապված Սիրիայում ու Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունների հետ: