
Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը առաջիկայում կհասնի 15 միլիարդ դոլարի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մեկ ժամանոց հանդիպումից հետո հանդիպել է լրագրողների հետ:
Դավութօղլուն հայտարարել է, որ երկու երկրները վերջին 10-12 տարում իրագործել են համատեղ բազում նախագծեր, որոնց կարելի է համարել չափազանց կարևոր: Դավութօղլուի խոսքերով` այդ նախագծերը խաղաղություն են բերում հարակից շրջաններին:
Ադրբեջանից եկող նավթագազային խողովակաշարերը Կովկասը կապում են Միջերկրական ծովի հետ. «TANAP գազատարը Կովկասը Անատոլիայի միջոցով կապում են Բալկանների հետ, իսկ Բաքու-Կարս երկաթգիծը Մարմարա ծովի ստորջրյա թունալի միջոցով Պեկինը կապում է Լոնդոնի հետ: Ցավալի է, որ ոչ բոլոր երկրները կարողացան հասկանալ մեզ միանալուց ու մեզ հետ համագործակցելուց բխող շահը»:
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված` Դավութօղլուն հայտարարել է, որ քանի դեռ չի լուծվել այդ հարցը, Հայաստանը դուրս է մնալու բոլոր նախագծերից. «Եթե հարգանք ցուցաբերվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, եթե հաստատվի խաղաղություն, ապա Հայաստանը կարող է օգտվել այդ նախագծերից»:
Անդրադառնալով թուրք-ադրբեջանական երկկողմ հարաբերություններին` Դավութօղլուն հայտարարել է, որ ներկայումս երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 5 միլիարդ դոլար, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ)` դա կհասնի 15 միլիարդ դոլարի: