Չեչեն երիտասարդները շնորհակալ են ռուսական բանակում ծառայելու հնարավորության համար
Lenta.ru-ի փոխանցմամբ` Չեչենական երիտասարդության միության համանախագահ Ազամատ Մինցաևը հայտարարել է, որ շատ չեչեններ ցանկացել են ծառայել ռուսական բանակում և շնորհակալություն է հայտնել, որ այժմ նրանց մոտ հայտնվել է նման հնարավորություն:
Մինցաևը կարծում է, որ չեչեն երիտասարդներին ռուսական բանակում ծառայելու հնարավորություն ընձեռելը շատ լուրջ քայլ է, ինչը պետք էր անել ավելի վաղ` հաշվի առնելով, որ Չեչնիան հանդիսանում է Ռուսաստանի անքակտելի սուբյեկտ, ինչպես որ յուրաքանչյուր այլ շրջան, որտեղից նորակոչիկներին բանակ զորակոչելը նորմալ երևույթ է:
Սեպտեմբերի 19-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ պայմանավորվել է ռուսական բանակում չեչեն զինծառայողների ծառայելու մասին:
Առաջին զորակոչը կանցկացվի այս տարի, ռուսական բանակ կզորակոչվի 500 երիտասարդ չեչեն: Չեչեններին ռուսական բանակ զորակոչելը դադարեցրել են 1990-ական թվականներին: 2000 թվականին զորակոչը վերականգնվել է, սակայն վերստին դադարեցվել է 5 տարի անց: