Երվանդ Զախարյան. Այս կերպ այլևս անթույլատրելի է
«Այս կերպ այլևս անթույլատրելի է և անհնարին, այդ հնարավորությունները, միջոցները չկան այլևս շարունակելու, որ մյուս ընկերությունների հաշվին աշխատավարձ վճարենք»,- այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց նախարար Երվանդ Զախարյանը:
Նա նշեց, որ այս հավաքի նպատակն է լսել իրավասու մարդկանց կարծիքներն ու առաջարկները և կառավարությանը ներկայացնել գործարանի վերագործարկման մասին առաջարկությունների փաթեթը: Ե.Զախարյանի խոսքով՝ գործարանի անվտանգության և պահպանման հետ կապված ծախսերը կատարվել են էներգետիկ համակարգի ձեռնարկությունների հաշվին:
Ըստ նրա՝ այսօր ընկերությունում ձևակերպված է և աշխատում է 2267 մարդ, որից 425-ը՝ ղեկավար կազմում, մասնագետները՝ 361, և մնացածը բանվորներն են, հարկադիր պարապուրդում՝ 1365 մարդ: Գործարանի ապառքը կազմում է 102 մլրդ դրամ, որից Միջպետական բանկի պարտքը՝ 63 մլրդ 45 մլն դրամ է, բյուջեին՝ 8 մլրդ և այլն:
«Կոլելկտիվում այսօր կա սոցիալական լարվածութուն՝ կապած աշխատավարձերի և հետագա վերագործարկման հետ: Իրավիճակը իրոք անհանգստացնում է և կոլեկտիվի պահանջներն ու դժգոհությունն արդարացված են: Իրավիճակով անհանգստացած է նաև ՀՀ նախագահը»,- ասաց Ե.Զախարյանը: