
«Ռոսնեֆտը» և Exxon Mobil-ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել են արկտիկյան շելֆում հորատումները

Bloomberg գործակալության փոխանցմամբ` «Ռոսնեֆտ» և Exxon Mobil ընկերությունները դադարեցրել են արկտիկյան շելֆում հորատումները: Այս մասին հայտնել են գործակալության աղբյուրները, որոնք աշխատանքների դադարեցումը շաղկապել են ռուսական ընկերությունների հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների հետ:
Սահմանափակումներն առնչվել են նաև այնպիսի սարքավորման մատակարարմանը, որն օգտագործվում է արկտիկյան շելֆի հորատման ժամանակ, ինչպես նաև սերվիսային սպասարկմանը: Խոսքը գնում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի շելֆում հորատումներ անելու մասին, որում արդեն իսկ ներդրվել է մոտ 700 միլիոն դոլար:
Պատժամիջոցների պատճառով «Ռոսնեֆտը» և Exxon-ը հարկադրված են հորատման աշխատանքները դադարեցնել առնվազն մինչև հաջորդ տարեսկիզբ: Նրանք «Ունիվերսիտետսկայա» հանքավայրում հորատումները սկսել են օգոստոսի սկզբին:
Չի բացառվում, որ այնտեղ կարող է լինել մինչև 9 միլիարդ բարել նավթ, ինչը ներկայիս գներով կազմում է 885 միլիարդ դոլար: Ռուսական ու ամերիկյան ընկերությունները Կարայի ծովում աշխատանքների մասին պայմանավորվել էին 2012 թվականին: Արկտիկայի շելֆային նախագծերում ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի մինչև 500 միլիարդ դոլար: