«ՀՅԴ-ն Ազատության հապարակ գնալու փոխարեն՝ Հանրապետության փողոցից շենքերի արանքով գնաց Մելիք Ադամյան փողոց»
Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին ասաց, որ իշխանությունները վերարտադրվելու խնդիր ունեն, իշխող ուժը` հանձինս նախագահի, վախենում է մրցակցությունից. «Իշխանութունները հասկացան, որ վերարտադրության ռեսուրս չունենալով`նախագահական ընտրությունների հետ կապված լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև Սերժ Սարգսյանը քաղաքական իմաստով անժառանգ է: Բնական է, որ իրենք փորձելու էին վերարտադրվել այլ կերպ և կարծես թե սահմանադրական բարեփոխումներն իրենց համար փրկության օղակ էին: 2012թ., երբ Դաշնակցությունը և ԲՀԿ-ն շրջանառության մեջ էին դրել սահմանադրական փոփոխությունների թեման, հանրապետականները դեմ էին: Ես ցավում եմ, որ Դաշնակցությունը Ազատության հապարակ գնալու փոխարեն`նախընտրեց Հանրապետության փողոցից շենքերի արանքով գնալ Մելիք Ադամյան փողոց»,- ասաց նա:
168.am-ի այն հարցին, թե կա՞ն լուրջ փաստարկներ, թե ինչու մեզ պետք չեն սահմանադրական բարեփոխումներ, բացի նրանից, որ ժամանակը չէ, նա պատասխանեց. «Նախ իշխանությունները իրենք չեն բերել որևէ փաստարկ, թե ինչո՞ւ են պետք սահմանադրական բարեփոխումներ: Այն, որ իշխանության «շնորհիվ» ձախողված են բոլոր ոլորտները` և’ արտաքին, և’ ներքին, և’ սոցիալական վիճակն է վատ, և’ անկախության կորստի խնդիր կա, իսկ գլխավոր հրամանատարը անաշխատունակ է, գնում է հանգստանալու այն ժամանակ, երբ սահմաններն անհանգիստ են, բա կիսապատերազմական վիճակի ժամանակ մենք չունենա՞նք գլխավոր հրամանատար:
ԱՄՆ-ը, որ նախագահական է, վա՞տ երկիր է: Մեր փաստարկները նրանք են, որ երկիրը կիսապատերազմական վիճակում է, որ արտագաղթ կա, որ իշխող կուսակցությունը կեղծում է ընտրությունները, այսինքն` այսպիսով` մեկ անգամ կեղծելով` կդատարկի ամբողջ Հայաստանը: Սահմանադրական փոփոխությունները պետք է արվեն դանդաղ շտապողականության սկզբունքով, այսինքն` չի կարելի փոխել, մանավանդ, որ իր ծրագրում դա չկար: Փոխող էր, թող գոնե խորհրդարանականի ժամանակ առաջարկեր»: