
ՌԴ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի գազային եռակողմ հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 26-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` գազային հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵՄ-ի հերթական եռակողմ հանդիպումը Բեռլինում կանցկացվի սեպտեմբերի 26-ին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նա հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը մնում է նույնը` ամբողջովին մարել 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի մատակարարումների համար գոյացած պարտքը և մասնակի մարել այս տարվա ապրիլ-մայիս ամիսների մատակարարումների դիմաց:
Նովակը մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ խոսքը գնում է մոտ 2 միլիարդ դոլարի մասին: Կողմերի միջև շփումները դադարեցվել են այս տարվա հուլիսի կեսին, երբ Ռուսաստանը գազի մատակարարման համար սահմանեց կանխավճարային համակարգ և վճարումների բացակայության պատճառով դադարեցրեց գազի մատակարարումը:
Ներկայումս Ռուսաստանն առաջարկում է 1000 խորանարդ մետր գազի համար ժամանակավոր գին սահմանել 385 դոլարը: