Մասիս Ալեքսանդրյան. «Մոռանանք բարեգործությունը, կատարենք ներդրումներ»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Աղավնո գետի ափին այս տարվա սկզբից սկսվել է Առիավան քաղաքատիպ գյուղի շինարարությունը, որը հիմնականում սփյուռքահայ ներդրումների՝ «ԱՌԻ» (Artsakh Roots Investments) ընկերության շնորհիվ իրականացվող ծրագիր է: Առաջին փուլի ընթացքում արդեն կառուցվել է 50 տուն, որոնցից 30-ում ամբողջությամբ ավարտվել են աշխատանքները: Եվրոպական չափանիշներով կառուցվելիք տների պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 111 մլն դրամ, որից 924 միլիոնի ներդրումը կատարում է լիբանանահայ ներդրողներից կազմված «ԱՌԻ» ընկերությունը, իսկ մյուս մասը՝ ԼՂՀ կառավարությունը:

Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը սփյուռքահայ ներդրողների հետ այցելեց Առիավան, իսկ մինչ Արցախ մեկնելը, «ԱՌԻ» ընկերության գործադիր տնօրեն Մասիս Ալեքսանդրյանը Երևանում («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած հանդիպման ընթացքում) ներկայացրեց 2009թ. հիմնադրած ընկերության գործունեությունն ու ներդրումային ծրագրի մանրամասները:

Նա ասաց, որ քաղաքաշինությունը «ԱՌԻ» ընկերության հաջողված ծրագրերի արդեն երկրորդ մասն է. ընկերությունն Արցախում իր գործունեությունը սկսել է Քաշաթաղի և Շահումյանի վերաբնակեցված գյուղական համայնքներում կատարած ներդրմամբ, ինչի համար ԼՂՀ կառավարության և ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման «Ագրոֆոնդ» հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր:

Masis Alexanyan (7)

Կարդացեք նաև

Masis Alexanyan (2)

Ըստ այդ պայմանագրի, «ԱՌԻ»-ն ամրագրվել է իբրև փոխատու, «Ագրոֆոնդը»՝ փոխառու, իսկ Արցախի կառավարությունը՝ երաշխավոր կողմ: Այս ծրագրի ամենադժվար կողմը եղել է դրսում ապրող մեծահարուստ հայերին համոզելը՝ ներդրում կատարել վերաբնակեցված ու ենթակառուցվածքներից զուրկ տարածքներում, որտեղ, թվում է, չկար եկամուտ ստանալու ոչ մի հեռանկար:

Բայց քանի որ բոլոր ներդրողները տարբեր երկրների տնտեսական ոլորտներում հաջող ու հաշվարկված գործունեություն իրականացրած մարդիկ էին, ուսումնասիրություններից հետո պարզել են, որ անսխալ հաշվարկները կյանքի կոչելու և դրանք իրենց կողմից մշտական վերահսկելու դեպքում այդ շրջանները ոչ միայն ինքնաբավ կդառնան ներքին շուկայի համար, այլև կարող են իրենց բերք ու բարիքով, ինչպես նշում է Մասիս Ալեքսանդրյանը, կերակրել ողջ Հայաստանը՝ դառնալով ուտեստի շտեմարան: Իսկ ինչպե՞ս է Լիբանանում հեղինակություն ունեցող հայտնի մեծահարուստ Մասիս Ալեքսանդրյանին հաջողվել՝ տարբեր միջավայրերից, միմյանց հետ կապ չունեցող մեծ թվով հարուստների ներգրավել այս գործում.

«2008թ. Քաշաթաղում էի, որտեղ մի հանդիպման ընթացքում խոսվեց շրջանը վերաբնակեցնելու մասին, ինչը ռազմավարական նշանակություն ունեցող գաղափար էր և նաև կարող էր կայուն զարգացման հիմք դառնալ: Պետությունը չուներ վերաբնակեցնելու համար անհրաժեշտ միջոցներ, առհասարակ, հիմնադրամների և պետական ծրագրերի միջոցները հերիքում էին միայն Արցախի մյուս շրջաններին: Վերաբնակեցման համար լուրջ ներդրումներ էին անհրաժեշտ, որը պետք էր գտնել: 2009թ. ամռանը, մի քանի համախոհներով, 18 լիբանանահայ մեծահարուստ բիզնեսմենների համոզեցինք, որ գան Արցախ, աչքով տեսնեն այդ երկրի հնարավորությունները, մտքով դատեն, համոզվեն, հետո նոր միայն կատարեն իրենց առաջին ներդրումները: Հենց սկզբից բոլորն էլ գիտեին, որ իրենք բարեգործություն չեն անելու, քանի որ համոզված էին, թե բարեգործությունը կարճաժամկետ արդյունք տվող ինստիտուտ է, և տնտեսական զարգացման համար միայն հստակ ներդրումներ են անհրաժեշտ»,- ասում է Մասիս Ալեքսանդրյանը:

Masis Alexanyan (3) Masis Alexanyan (4)

Արցախ գալով (ի դեպ, նրանց մեծ մասն առաջին անգամ էր լինում Արցախում), ծանոթանալով կլիմայական բարենպաստ պայմաններին, տեղանքին, մարդկանց տրամադրվածությանը՝ շենացնել ազատագրված տարածքները, վերադառնալով, գործարարները 300 000 դոլար դրամագլխով ստեղծում են «ԱՌԻ» ընկերությունը, որը գրանցում են Կիպրոսում:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է լիբանանահայերից կազմված ընկերությունը գրանցվել Կիպրոսում, Մասիս Ալեքսանդրյանը պատասխանեց. «Շատ մտածեցինք, թե որտեղ կայացնենք ընկերությունը, հավանական տարբերակներից մեկը Լիբանանի օֆշորային գոտին էր, սակայն նկատի ունենալով, որ մեր ընկերությունը ժամանակի ընթացքում մեծանալու և ընդգրկելու է նաև ներդրողներ՝ Եվրոպայից ու ԱՄՆ-ից, չուզեցինք օֆշորի պիտակը լինի ընկերության վրա, քանի որ օֆշորն Արևմուտքում ընկալվում է` իբրև փողի լվացման կամ հարկերից խուսափելու միջոց. հավանական տարբերակը Կիպրոսն էր, որտեղ և հիմնվեցինք: Մենք պայմանագրի մասնակից կողմերի միջև, իհարկե, տարաձայնություններ չենք նախատեսում, բայց եթե լինի նման բան, ապա այն լուծվելու է կիպրական օրենքներով»:

Masis Alexanyan (6)

Առաջին գումարները փոխանցելով «Ագրոֆոնդ» հիմնադրամին (որը վարկերի տեսքով բաշխում է Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում բնակվող գյուղացիներին)` մեկ տարի հետո ընկերությունը եկամուտների առումով դրական աճ է արձանագրում, ինչը զարմացնում է նախ իրենց՝ ներդրողներին. գյուղացիները ոչ միան մարում են վարկային գումարները, այլև անդամագրվում են վարկավորման հաջորդ փուլի համար, ինչպես նաև ավելանում է նոր փոխառություններ ստանալու համար հերթագրված արցախաբնակների թիվը:

Ծրագրի հաջողությունը ոգևորում է նաև ԼՂՀ կառավարությանը, և մեկ տարի հետո վարչապետ Արա Հարությունյանն անձամբ է այցելում Լիբանան՝ արդյունքները ներկայացնելու և հնարավոր այլ ներդրողներ ներգրավելու համար: Ինչպես նշում է Մասիս Ալեքսանդրյանը՝ վարչապետի այցից և տեղում այլ մեծահարուստների հետ հանդիպումներից հետո Արցախում ներդրում կատարել ցանկացող լիբանանահայերի թիվը հասնում է 65-ի՝ 2 միլիոն 800 000 դոլար ներդրումային գումարով: Ներկայումս «ԱՌԻ»-ն ունի շուրջ 100 բաժնետեր, որոնք արդեն ոչ միայն Լիբանանից են:

«ԱՌԻ»-ի ծրագրերը սկսվել են անասնապահության մեջ կատարված ներդրմամբ. ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում մշտական գրանցում ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին 3 տարի մարման ժամետով 6 տոկոսով տրամադրվել են վարկեր՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով (որոնց տոկոսադրույքը մասնակիորեն սուբսիդավորվում է պետության կողմից), այնուհետև նույն սկզբունքով վարկեր են տրամադրվել հողագործության զարգացման համար:

Masis Alexanyan (8)

«ԱՌԻ» ընկերության փորձագիտական խմբերն անձամբ են հսկում գումարների բաշխման, նպատակային օգտագործման և մյուս աշխատանքները: Ինչպես նշեց «ԱՌԻ» ընկերության գործադիր տնօրենը, չորս տարվա մեջ նշված շրջաններում իրենց ներդրումների շնորհիվ 8-10 հա ցորեն է ցանվել, գնվել է 1800-2000 խոշոր եղջերավոր անասուն, որոնք միայն բնական բազմացմամբ ունեցել են 65 տոկոս աճ: Ըստ հաշվարկների, «ԱՌԻ» ընկերությունը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների անասնապահության զարգացման ծրագրերի 90 տոկոսի ներդրողն է, իսկ հողագործության՝ 42 տոկոսի: Ընկերության ներդրումներից օգտվել է մոտ 1000 վերաբնակեցված ընտանիք: Չորս տարվա ընթացքում նշված շրջաններում արձանագրվել է բնակչության 14 տոկոս աճ: Շրջանում բնակվելու հետաքրքրություն են ցուցաբերել մի խումբ սիրիահայեր, որոնք Սիրիայում պատերազմից առաջ զբաղվել են գյուղատնտեսությամբ:

Քաղաքաշինություն
Մասիս Ալեքսանդրյանն ասում է, որ լավագույն սփյուռքահայ մասնագետների գաղափարներով կազմված զարգացման այս ծրագրի մոդելը նորություն է հայ իրականության մեջ, ինչի հաջողությունը հաշվի առնելով` ԼՂՀ կառավարությունն արտասահմանյան ընկերությանն առաջարկել է վերաբնակեցված տարածքներում աջակցել նաև բնակշինարարության ծրագրի: «ԱՌԻ»-ն որոշել է ամբողջությամբ ստանձնել Գորիս-Բերձոր ճանապարհի վրա, Աղավնո գետի ափին 1992-ին 2-3 ընտանիքով հիմնված գյուղերից մեկի ամբողջական շինարարությունը:

150 տներից բաղկացած ապագա եվրոպական չափանիշներով գյուղում, տներից բացի, կառուցվում է նաև տարրական դպրոց, որը համատեղվելու է մանկապարտեզի հետ, ինչպես նաև դրվում են այլ ենթակառուցվածքների հիմքեր. Արցախի կառավարությունն Աղավնո գետի վրա արդեն կառուցել է հիդրոէլեկտրակայաններ, որոնցից մեկը նոր բնակավայրին շատ մոտ է: Բնակելի տները հիմնականում լինելու են 2 կամ 3 սենյականոց, յուրաքանչյուր տուն ունենալու է 800 կամ 1000 մետր տնամերձ հողատարածք:

Գյուղում անվճար տուն են ստանալու բազմազավակ ընտանիքներն ու Արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքները, իսկ մյուս 100 տները հիպոթեքային արտոնյալ պայմաններով հատկացվելու են վերաբնակեցված տարածքներում ապրել ցանկացողներին, ընդ որում, տները նախատեսված չեն որպես ամառանոցներ, և իրավունք ունեն ձեռք բերել միայն գյուղում մշտապես բնակվողները: Այժմ գյուղում ապրում է 59 ընտանիք (180 հոգի), որոնք սպասում են տների կառուցման առաջին փուլի ավարտին:

Ընկերության տնօրենը նշում է, որ բնակշինարարության ծրագրի համար «ԱՌԻ»-ն փոփոխության է ենթարկել ֆինանսավորման մոդելը` գյուղատնտեսական վարկի 3 տարին բնակարանայինի դեպքում փոխարինելով 7-ի։

«Նպատակ ունենք շրջել տարբեր երկրներում, տարբեր հայկական համայնքներից ներգրավել ավելի շատ ներդրողներ: Աշխարհում շատ է այն հայերի թիվը, որոնք ծանոթ չեն Արցախին, վերաբնակեցված տարածքներին, Արցախի քաղաքական հարցը դրսում ապրող շատ մեծահարուստների համար անծանոթ մի հարց է: Այնպես որ, մեր այցերը ոչ միայն նոր ներդրումներ գտնելու, այլև ուսուցողական նպատակ են ունենալու»,- ասում է Մասիս Ալեքսանդրյանը:

Նա նշում է, որ ընկերության անդամներն առայժմ միայն հայեր են, սակայն օտար ներդրողների առջև ընկերության ծրագրերը բաց են:

Masis Alexanyan (5)

Ինչ վերաբերում է ծրագրերի ռիսկայնությանը, Մ. Ալեքսանդրյանն ասում է. «Գյուղացիներին տրված գումարները շատ մեծ չեն և տրված են շատ մեծ թվով մարդկանց, դա ինչ-որ չափով նվազեցնում է ռիսկը: Մյուս կողմից` նշեմ, որ բոլոր պետություններն էլ իրենց մեծ գործերը կատարում են վարկերի միջոցով: Արցախի պետության համար մասնավոր կառույցից վարկ վերցնելը պետք չէ ռիսկային նկատել, մանավանդ, որ Արցախի պետությունն այս պահին մեծ պարտքերի մեջ չէ: Մեր հեռահար նպատակն այն է, որ ընկերության տրված փոխատվություններն ապագայում վերածենք բաժնետոմսերի և միջազգային շուկայում դնենք ազատ շրջանառության մեջ»:

Բոլոր հանդիպումների և շնորհանդեսների ժամանակ «ԱՌԻ» ընկերության անդամները նշում են, որ ծրագիրն օժանդակություն չէ, ոչ էլ՝ բարեգործություն, այլ՝ լավագույն մասնագետների նախագծած կայուն զարգացում ապահովող տնտեսական ծրագիր. «Հայաստանի և Արցախի զարգացման համար ժամանակն է, որ մոռանանք բարեգործությունը և կատարենք ներդրումներ: Մեր ծրագիրն օրինակ կարող է դառնալ Հայաստանի կամ Արցախի այլ շրջանների զարգացման համար, եթե նրանք ընտրեն և կիրառեն մեր գործունեության երեք հիմնական սկզբունքները՝ երկարաժամկետ վարկավորումը, թափանցիկությունն ու բաց հաշվետվությունը»,- ասում է Մ. Ալեքսանդրյանը՝ նշելով, որ պատրաստ են խորհրդատվություն տրամադրել «ԱՌԻ»-ի մոդելն ընդօրինակել ցանկացողներին, չմոռանալով նշել, որ իրենց բաժնետերերի գործունեության միակ բարեգործական կողմը, թերևս, այն է եղել, որ նրանք ներդրումներ կատարելու և եկամուտ ստանալու համար ընտրել են ոչ թե ուրիշ երկրներ, այլ՝ Արցախը:

 

Տեսանյութեր

Լրահոս