Կառուցում են դեսպանները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Լիտվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԱՄՆ դեսպանատան ավելի քան 20 աշխատակիցներ մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից կազմակերպված «Կառուցում են դեսպանները» միջոցառմանը՝ օգնելով շուրջ 26 տարի վագոն-տնակներում ապրող 8 ընտանիքների կառուցել իրենց տները:
Վանաձոր քաղաքի Տարոն 3-րդ թաղամասում արտասովոր ուրախ մթնոլորտ էր տիրում: Քառորդ դար առանց սեփական տանիքի ապրող մարդկանց այսօր օգնության ձեռք էին մեկնել տարբեր տարիքի ու ազգության կամավորներ: Մասնակիցները բազմաբնակարան շենքի հատակի բետոնացման աշխատանքներ են իրականացրել՝ իրական փոփոխություն մտցնելով վագոն-տնակներում ապրող 8 ընտանիքների կյանքում: Ընտանիքներից մեկի՝ Ոսկանյանների բնակարանի կառուցումը մասամբ ֆինանսավորվել է Հայ-Բրիտանական առևտրի պալատի «Բրնսի ընթրիք» (Burns Supper) միջոցառման շրջանակներում կատարված հանգանակության միջոցով:
Ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրը մեկնարկել է 2008թ և իրականացվում է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ-ի եռակողմ համագործակցության շնորհիվ, որի արդյունքում նույն թաղամասում 47 ընտանիք արդեն ապրում է սեփական հարկի տակ, ևս 8 ընտանիք շուտով կվայելի այդ երջանկությունը:
«Երկար ու անհույս տարիներ ես ու իմ ընտանիքը ապրել ենք մետաղական տնակում: Վատ կենցաղային պայմաններն ազդել են իմ որդու՝ Ավետիքի առողջության վրա, ով տառապում է հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Նա արդեն վիրահատվել է երեք անգամ, ևս երկու վիրահատություն դեռ առջևում է: Ես երազել անգամ չէի կարող, որ մի օր իմ ընտանիքն էլ կունենա իր հարմարավետ անկյունը: Հիմա ես տեսնում եմ, թե ինչպես է իմ և իմ բախտակիցների երազանքն իրականություն դառնում: Մենք այնքան երջանիկ ենք, որ մեր երեխաները շուտով կապրեն ավելի լավ պայմաններում, քան մենք ենք ապրել: Շնորհակալ ու շնորհապարտ եմ այս ծրագրին, այս մարդկանց, որ այսօր եկել ու օգնության ձեռք են մեկնել մեզ՝ օր առաջ կառուցելու և ավարտին հասցնելու մեր երազանքների տունը»,- ասաց Տարոն 3-րդ թաղամասի ապագա բնակչուհի Տաթևիկ Ոսկանյանը, ում բնակարանը մասամբ ֆինանսավորվել է Հայ-Բրիտանական առևտրի պալատի «Բրնսի ընթրիք» (Burns Supper) միջոցառման շրջանակներում կատարված հանգանակության միջոցով:
«ԱՄՆ դեսպանատան «Աջակցող Ձեռքերը» համայնքին ծառայելու կամավորական կազմակերպություն է, որը հիմնադրվել է երեք տարի առաջ: Այս ընթացքում մեր հայ և ամերիկացի աշխատակիցները և ընտանիքի անդամները բազմիցս աշխատել են այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»: Այս անգամ էլ անհամբեր սպասում էինք Վանաձորի ընտանիքներին օգնելու հնարավորությանը», – ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:
«Յուրաքանչյուր մարդու նվիրական երազանքը տուն ունենալն է: Հատկապես այս ընտանիքների համար, որոնք տարիներ շարունակ ապրել են անմխիթար պայմաններում: Մեր պարտքն ու կոչումն է օգնել մեր հայրինակիցներին», – ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Բազմաբնակարան շենքի շինարարությունը կավարտվի տարեվերջին, և ընտանիքները կտեղափոխվեն իրենց հարմարավետ բնակարանները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» համագործակցում են 2008թ.-ից ի վեր:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Փոխառություններն օգտագործվում են նոր ընտանիքների աջակցելու համար՝ դառնալով ֆինանսական կայունության հիմք: Մինչ օրս Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» աջակցել է 350 ընտանիքի: