«Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հաջորդ նախագահի մասին խոսակցություն իրականում եղել է»

Վերջերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին առաջարկել է դառնալ ապագա նախագահ: Հարցին, թե ինչքանո՞վ եք լուրջ վերաբերվում նման խոսակցություններին, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց, որ նման խոսակցություն իրականում եղել է:

Սոցիոլոգը պատմեց, որ վերջին նախագահական ընտրություններին, երբ Գագիկ Ծառուկյանը հավակնում էր դառնալ թեկնածու, Սերժ Սարգսյանը նրան ընդունեց իր նստավայրում, որից հետո Գ. Ծառուկյանը դուրս է եկել այնտեղից ու հրաժարվել իր մտադրությունից. «Ինչի՞ մասին են խոսել, դա արդեն կարևոր չէ: Մենք կարող ենք ռեկոնստուկցիայի ենթարկել նրանց խոսակցությունը: Խնդիրը մի քիչ այլ է: Հաջորդ նախագահը պետք է լինի ներկայիս նախագահի կողքին, մասնակցի բանակցային պրոցեսներին, ծանոթանա բոլոր միջազգային ստորագրած պայմանագրերին, մշակի բյուջենը: Երբ Չերչիլը բանակցում էր Ռուզվելտի, Ստալինի հետ հետեվրոպական ճակատագրի մասին, Անգլիայում ընտրություններ էին և վտանգ կար, որ Չերչիլը կարող է պարտվեր: Այդ ընթացքում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը մասնակցում էր Չերչիլի բոլոր բանակցություններին, Չերչիլը պարտվեց, էս ընկեր էնստապետը տարավ առաջ: Սա է քաղաքական իմաստությունը: Երկրոդը պետք է լիներ կողքին, ղեկավարեր շտաբը, հանդես գար և այլն, որ տեսնեին՝ կա ժառանգականություն իշխանության մեջ: Այն իշխանությունը, որը չունի ժառանգականություն, նման է շատ վատ մեքենայի, որի ղեկը չի աշխատում»:

Հարցին, թե հիմա ո՞վ է լինելու հաջորդ նախագահը, սոցիոլոգը պատասխանեց. «Ես չգիտեմ, չեմ կարող ասել»:

Լրագրողի մյուս հարցին՝ կարո՞ղ է դա լինի Գագիկ Ծառուկյանի գաղտնի ցանկությունը, Ա.Ադիբեկյանը պատասխանեց, որ, վերջին հաշվով, խոսքը պատկանում է ընտրողին:

Տեսանյութեր

Լրահոս