«Սաքուլիկի» պահվածքն առաջին հերթին հարված էր իմ և բուհի հեղինակությանը. «Ժամանակ»
«Ժամանակի» թղթակիցը զրուցել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ
– Պարոն Աթոյան, Դուք ասում եք, թե համալսարանում հիմք եք դնում երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բայց մի քանի օր առաջ համալսարանի պրոռեկտոր նշանակեցիք մի երիտասարդի, որը հայհոյել ու քաշքշել էր լրագրողներին: Չե՞ք կարծում, որ նման նշանակումները ստվերում են այսօրվա Ձեր գործողությունները:
– Խնդիրը ճիշտ չեք ներկայացնում: Ում մասին որ խոսում եք, նա չէր հայհոյել և չէր հրել լրագրողներին: Ուղղակի միջադեպ էր տեղի ունեցել: Ե՛վ բուհի համար, և՛ ինձ համար, բոլորիս համար տհաճ էր: Բուհին ոչ հարիր երևույթ էր, բայց մեղավորները պատժվեցին ռեկտորի կողմից:
– Բայց Դուք փաստորեն խրախուսեցիք Սևակ Խաչատրյանին իր արարքների համար և պրոռեկտոր նշանակեցիք:
– Սևակ Խաչատրյանին և մյուսներին մեկ տարի առաջ ես նկատողություն եմ հայտարարել: Ես դրանով խրախուսե՞լ եմ:
– Բայց 1 տարի անց էլ պրոռեկտոր եք նշանակում, ինչը կարելի է մեկնաբանել որպես խրախուսանք:
-Ես չեմ նշանակել: Դա ուսանողներն են որոշում, թե իրենց հարցերով ով լինի ուսխորհրդի նախագահը, ով՝ պրոռեկտորը: Էնպես որ՝ դա մենակ ռեկտորի խնդիրը չէ: Իսկ Սևակ Խաչատրյանի մասին ես նրա աշխատանքային գործունեությունից հետո կասեմ նշանակումը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Ես կարծում եմ, որ մարդուն պետք է գնահատել կատարած աշխատանքով, ոչ թե մեկ անգամ տեղի ունեցած միջադեպով:
– Պարոն Աթոյան, իսկ չե՞ք կարծում, որ նման բացասական արարքով աչքի ընկած երիտասարդին խրախուսելով, պրոռեկտոր նշանակելով՝ վատ օրինակ եք ցույց տալիս մյուս ուսանողներին, երիտասարդներին՝ նրանց մատնացույց անելով, թե ինչ ճանապարհով կարելի է հաջողության հասնել:
– Ես միջադեպին ներկա չեմ եղել և չեմ կարող ասել, թե վեճն ինչի արդյունքում էր ծագել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: