ԲՀԿ-ական. «Եթե էս քաղաքական ուժերն անում են ամեն ինչ Ռոբերտի վերադարձի համար, մենք միանշանակ դեմ ենք լինելու». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը հարցազրույց է վարել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ

– Ամիսներ աոաջ Ռուբեն Գևորգյանի հետ սկսեցիք ազատամարտիկներին համախմբելու՝ «այլընտրանքային ԵԿՄ» ստեղծելու գործընթացը, հետո ի՞նչ եղավ, որ Ձեր ճանապարհները բաժանվեցին։ Դուք հիմնադրեցիք ու համակարգում եք «Ազատամարտի նվիրյալներ» միավորումը, Ռուբեն Գևորգյանն էլ հայտարարեց, որ հիմնադրելու է «Երդվյալ ազատամարտիկների միությունը»։ Խոսակցություններ են շրջանառվում, որ նեղ շրջանակում Դուք և Գևորգյանը միմյանց հասցեին անգամ հայհոյանքներ եք հնչեցնում։

– Նման բան չկա։ Ռուբեն Գևորգյանի հետ մենք ընկերներ ենք՝ և մարտական, և կուսակցական։ Մեր մեջ ոչ մի անձական տարաձայնություն չկա։ Մենք իրար տեսնելուց էլի ողջունում ենք, քաղցր բարևում ենք։ Ուղղակի էդ հարցում մեր տեսակետներն էին տարբեր։

– Կազմակերպության հիմնադիր համագումարում հայտարարել էիք, որ կանգնելու եք քառյակի ՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգության», ուժերի կողքին։ Կազմակերպությանը Գագիկ Ծառակյա՞նն է ֆինանսավորում։ Համենայնդեպս, խոսակցություններ են շրջանառվում, որ մեծ գումարներ են ներդրվել։

– Մեզ ֆինանսավորում չկա։ Մենք ինքներս ենք մեզ ֆինանսավորում։ Լուրջ ֆինանսական ծախսեր էլ չունենք։ Լինում են տղաներ, որոնք հիվանդ են, բուժման խնդիր ունեն, լուրջ աջակցության կարիք կա, բայց կան անհատ բժիշկներ, որոնք ինքնակամ պատրաստակամություն են հայտնել մեր տղաներին, անվճար սպասարկելու։ էլի նման մարդիկ կան, որ տեսնելով մեր ծրագիրն ու նպատակները, իրենք էլ այս երկրի հոգսով ապրող մարդիկ են ու պատրաստ են մեր կողքին լինելու։

– Իսկ ինչո՞ւ եք հենց քառյակի ուժերի կողքին կանգնում։

– Ոչ միայն քառյակի։ Ոչ թե քառյակի կողքին ենք, այլ ժողովրդի։ Ուղղակի մենք հայտարարել ենք, որ քառյակը ժամկետ է տվել իշխանություններին, որպեսզի ուշքի ղան, խելքի գան ու կանգնեն ժողովրդի կողքին։ Մենք էդ ժամկետի տերն ենք։

– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում չէր բացառել, որ հանգամանքների բերումով նորից կարող է հավակնել իշխանության։ Նրա վերադարձին ո՞նց եք նայում, Ռոբերտ Քոչարյանի հետ է՞լ կհամագործակցեք։

– Ես նման ծրագիր չեմ տեսնում՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված, ու եթե հանկարծ էս քաղաքական ուժերն անում են ամեն ինչ Ռոբերտի վերադարձի համար՝ մենք միանշանակ դեմ ենք լինելու։

 ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս