Բաժիններ՝

«Գյուղացին իր հողը ինչու պետք է թողնի` օտար երկիր գնա…»

asparez.am-ը գրում է. Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղն արդեն 3 օր է ինչ մթերում է Ռկացիթելի, Կանգուն եւ Մեղրաբույր տեսակի խաղող: Մթերում կիրականացվի 18 օր՝ օրական ընդունելով 100 տ խաղող:

Առավոտյան 10:00-ից այգետերերը միանգամից դաշտից բերքը բեռնատարով բերել են ու հերթագրված սպասում են մթերմանը:

Լենուղի համայնքի բնակիչ այգետեր Մարտիկն արդեն 14 տարի է` զբաղվում է այգեգործությամբ եւ 10 տարի է` ինչ գործարանին է հանձնում իր մշակած խաղողը: Խաղողի հանձնման գնից այս տարի դժգոհ են, գոհ չեն նաեւ մյուս այգետերերը: Նախորդ տարի 145 դրամով են մթերել, իսկ այս տարի՝ 150-ով: Գոհ չեն, քանի որ այս տարի ոռոգման ջրի սակավություն է եղել: Խաղողի այգում ոռոգում հարկավոր էր իրականացնել 6 անգամ, բայց այս տարի իրականացվել է 3 անգամ, որի հետեւանքով նկատվում է բերքի պակասորդ` սպասվածից:

Գյուղացիներն ասում են, որ 1հա այգուց պետք է քաղեին 20տ խաղող, բայց այս տարի ստացել են՝ 12տ, մոտ 40 տոկոսով` պակաս:

Ոռոգման ջրից չխոսելն անխուսափելի էր, գյուղացիներն իրար շարունակելով, անդադար խնդիրներից էին բողոքում.

– Ասում են կառավարությունը 5 մլն դրամ է հատկացրել խորքային հորեր բացելու համար, ու՞ր է: Թուրքը, որ թուրք է` Արաքս գետից խողովակներ է անցկացնում, Սեւանա լճից 4 անգամ մեծ ջրամբար է կառուցում, մենք ինչո՞ւ չենք կառուցում:

– Ամենամեծ հայաթափությունը սա է: Գյուղացին իր հողը ինչու պետք է թողնի` օտար երկիր գնա: Սերժը չի՞ կարողանում էս հարցին լուծում տալ: Հազիվ իրանց գրպանները դնեն: Քոչարյանն եկավ, որ մեզ պահի, մեր երկիրը ղեկավարի. 10 տարի աշխատեց, տղեն 7 մլրդ-ի տեր դարձավ: Հենա` ասա խոպան էր եկել: Մի հատ գյուղացու տուն մտեք, իր ապրելակերպը նայեք, 18 հազար դոլարի պարտք ունեմ:

– Կառավարությունը մի անգամ չի գալիս տեսնի` գյուղացին ի՞նչ բերք է ստացել, քանի՞ բանկի հետ է գործարք արել, մի բանկից վերցնում, մյուսին է տալիս, մյուսից էլ վերցնում… ու այդպես շարունակ:

– Գյուղացու քրտինքով, մշակածով են ապրում բայց էսօր մեզ բանի տեղ դնող չկա:

– Ամեն հարց լուծելու համար ասում են. «Գյուղը կանգնի, գերան կկոտրի»,- ձեր, մեր ընտրած կառավարությունը մեզ էնպես կկոտրի, մեր գլխին էնպիսի բան կսարքի՞… ախր մեր երկիրը լավն է, ուղղակի կառավարությունը լավը չի:

– Գյուղնախարար է, պոմիդորի ու կարտոֆիլի բույսն իրարից չի տարբերում, կարտոֆիլի բույսը վերցրել, ասում է` պոմիդորի բույս է: Ոչ մի տարի չեն ասում` էսինչ բերքը այս տարի վատ էր ու դրա պատճառով գյուղացին տուժվեց, մնաց վարկերի մեջ: 1հա հողից 2 մլն-ի կորուստ եմ ունեցել, փոխհատուցումն եղավ 5լ սալյարկան: Սա է մեր նախարարության դեմքը: Ամեն անգամ խոստում են տալիս, որ հարցերը լուծում կստանան, մենք էլ ընտրում ենք, ու՞ր է, էս չի՞ գյուղացու վիճակն ու նրա մշակած խաղողը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս