
Թուրքիան չի ստորագրել «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիային միանալու մասին փաստաթուղթը

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան չի ստորագրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Վաշինգտոնի ստեղծած կոալիցիայի մասին ամփոփիչ փաստաթուղթը:
Վերջինս երեկ ընդունվել է սաուդյան Ջիդդա քաղաքում՝ ԱՄՆ-ի ու տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքներով: Սաուդյան Արաբիայում Թուրքիան ներկայացրել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Համատեղ խորհրդակցություններին մասնակցել են Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի, Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների, ԱՄՆ-ի ու Թուրքիայի արտգործնախարարները:
Փաստաթղթում ընդգծվում է, որ կոալիցիայի բոլոր մասնակիցները միասին կդիմակայեն ահաբեկչական ակտիվությանը, այդ թվում նաև «Իսլամական պետության» գործունեությանը:
Ահաբեկիչներին ֆինանսական աջակցությունն անհնարին դարձնելուց բացի, փաստաթղթում առկա է նաև նրանց «կենդանի ուժով» չսնելու մասին պայմանավորվածություն:
Թուրքական կողմն իր մոտեցումը բացատրում է նրանով, որ «Իսլամական պետություն» խմբավորման մոտ պատանդ է պահվում Մոսուլում թուրքական գլխավոր հյուպատոսության 49 աշխատակից, որոնց կարող են սպանել զինյալները, եթե Թուրքիան ակտիվ դեր խաղա ռազմական գործողությունում:
Այսօր Անկարա է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ու այդ գործունեությունում Թուրքիայի մասնակցության հարցերը: