Ուղտասար. այնտեղ, որտեղ կարոտ են երթուղայինին (լուսանկարներ)
Պետության կողմից տրամադրվող աշխատավարձը տուն հասցնելու համար որոշ ուղտասարցիներ ամեն ամիս ստիպված են լինում ստացած գումարի մի մասը «ճանապարհին են թողնել»։
Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուց դժվարանցանելի ճանապարհը տանում է դեպի Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղ, որի ընդամենը մի քանի կիլոմետր ճանապարհին սեփական մեքենաներից եւ տաքսիներից զատ ոչ մի մեքենա չես հանդիպի։
Ուղտի սապատ հիշեցնող սարի անունով են կոչել պատերազմից հետո վերաբնակեցվող այս գյուղը։ Գյուղում այսօր էլ շարունակվում են շինարարական աշխատանքները։ Իսկ թե երբ է վերջին անգամ բարեկարգվել գյուղի ճանապարհը՝ քչերն են հիշում, ինչպես եւ այն, թե վերջին անգամ երբ է ներհանրապետական տրանսպորտը գյուղ մտել։
Աբրահամյանների ընտանիքի անդամները եւս ամեն անգամ նույն խնդրի առաջ են կանգնում՝ գյուղից քաղաք գնալու ժամանակ եւ ստիպված են լինում մի քանի հազար դրամը «նվիրել» տաքսու վարորդներին։
Ուղտասարի բազմազավակ ընտանիքներից է 9 երեխայի մայր Սվետլանա Աբրահամյանի ընտանիքը։ Երեխաներից երկուսը վերաբնակեցվող Ուղտասարում են ծնվել։ Տիկին Սվետլանան պատմում է, որ ապրում են երեխաներից ստացած թոշակով եւ երկրորդ կարգի հաշմանդամ ամուսնու նպաստով:
Ամուսինը առողջական լուրջ խնդիրներ ունի, գամված է մահճակալին։ Հյուրասենյակ մտնելիս իսկույն նրա՝ լուսամուտի տակ դրված մահճակալն է աչքի զառնվում. արեւի լույսի տակ ընդգծվում է հիվանդի դեմքի գունատությունը։ Տարվա մեծ մասն այս անկողնում է անցկացնում՝ մի օր լավ, մի օր վատ։
Զրույցը հաճախ էր ընդհատվում նրա հազով։ Երբ բոլորն աշխատանքի են կամ զբաղված՝ ընկերը հեռուստացույցն է։ Երկար եւ բարակ մատների արանքում հաճախ է ծխախոտ խաղացնում, որը փոքր ինչ մոռացության է տալիս ցավը, իսկ ծուխը բարձրանալով խառնվում է ալեխառն մազերին։
Դժվարությամբ է արտահայտում ասելիքը՝ հազն ու ծխախոտի ծուխը հաճախ են միախառնվում ու փորձում խեղդել նրա խոսքերը։ Խոսել էլ չի սիրում. մի բան հստակ է հակառակորդից մի քանի կիլոմետր հեռու ապրող ուղտասարցու խոսքում՝ «տղաներն ամուր են կանգնած սահմանում ու պատերազմ այլեւս չի լինի»։
Ժամանակ առ ժամանակ առողջական վիճակը սրվում է, եւ բժշկի օգնությունն անխուսափելի է դառնում. հաճախ գյուղի բուժքույրն է սրսկում, երբեմն էլ ստիպված են լինում Ստեփանակերտի հիվանդանոց հասցնել։ Կինը պատմում է, որ տարվա մեջ մի քանի անգամ շրջվարչակազմի ղեկավարին դիմում են գրում՝ օգնության նպատակով, բայց արդեն դրանից էլ են ամաչում։
Որքան էլ գումար աշխատեն՝ սեփական միջոցներով չեն կարող եւ ամուսնու առողջության մասին հոգալ եւ դպրոցական երեխաների կարիքները բավարարել եւ ապրել։
«Ամռան ամիսներին քրտինք թափելով ենք օրվա ապրուստ վաստակում, բայց… չենք բողոքում, 4 տղաներիցս կրտսերը 16 տարեկան է, օրավարձով է աշխատում, տան մյուս անդամներն էլ մեր այգում են աշխատում: Ձմռան պաշարն էլ մեր բերքից ենք ստանում»:
Աբրահամյանների փոքրիկ հողատարածքում կարմրին են տալիս նռնենիները, որոնց բերքը շուտով կամ կվաճառեն կամ էլ կփոխանակեն։
Բազմազավակ ընտանիքն այժմ երեք սենյականոց տան է ապրում, որոնցից մեկը պահոց է, հատակ չունի, հետեւաբար որպես սենյակ չի էլ կարող ծառայել: Մյուս՝ երկարավուն սենյակում, որը եւ հյուրասենյակ է եւ ննջարան եւ ճաշասենյակ համեստ կահույքն է տեղադրված. երկու անկողին, հեռուստացույց ու պահարան, ինչպես նաեւ ճաշասեղանը, որի շուրջ հավաքվում է մեծ ընտանիքը։ Երեխաների փոքրիկ ննջասենյակի հատակն էլ է անմխիթար վիճակում։
Հին ու խունացած այս պատերին հրաժեշտ կտան հավանաբար նոր տարում եւ տարեմուտի տոներին կհավաքվեն նոր տանը՝ երեխաների եւ 8 թոռների հետ։ «Միայն թե խաղաղ բացվեն օրերը»,-ասում է բազմազավակ մայրն ու տեղեկացնում, որ նոր՝ 3 սենյականոց տունը, որ գտնվում է իրենցից ոչ հեռու, տրամադրվել է պետության կողմից։
Մեր այցի ժամանակ երեխաներից տանը Քնարիկն էր, ում հանդիպեցինք գյուղի փողոցներից մեկում։ Աղջիկն այդպես էլ չհամաձայնեց մեքենայով ուղեկցել մեզ իրենց տուն եւ նախընտրեց համագյուղացու տնից վերցրած մածունի ամանը գրկած հասցնել. օտարի մեքենա չի նստում, փոխարենը հանգիստ կիսվում է երազանքներով։ Պարուհի է ուզում դառնալ, անկեղծանում է՝ միակ ուսուցիչը քույրն է։
Քնարիկի եղբայրներից մեկն էլ այդ օրը գյուղի նախիրն էր արածեցնում Ուղտասարի հանդերում, որոնք հակառակորդից այդքան էլ հեռու չեն։ Գյուղում հակառակորդի մասին մտածում են միայն սահմանային իրադարձությունների ժամանակ, ու նաեւ երբ հեռուստացույցով են տեսնում. այստեղ հանգիստ կարելի է ադրբեջանական մի քանի հեռուստաալիքի հաղորդումներ դիտել։
«Ամեն օր լսում ենք զինվոր սպանվեց, աֆիցեր սպանվեց.. 4 տղա էլ ես ունեմ, չգիտեմ: Երկուսն արդեն զորացրվել են, մյուս երկուսն էլ շուտով բանակ են գնալու: Տղան նրա համար է, որ երկիրը պաշտպանի»,- համոզված է տիկին Սվետլանան:
Ուղտասարցի Կարինե Խաչատրյանի միակ որդին էլ է երկու տարի սահման պաշտպանել, եւ ամեն օր մայրն իրենից անկախ լարվել է ամեն մի կրակոցից, բայց եւ, ինչպես ասում է, արդեն հարմարվել է փոքր ինչ հեռվում լսվող կրակոցներին։ «Ասենք թե լսում ենք կրակոցները, ի՞նչ, միեւնույն է չենք վախենում: Բոլորն էլ տղաներ ունեն սահմանին, ամուր կանգնած են»:
Տիկին Կարինեն համոզված է, որ սահմանային վերջին լարվածությունն անգամ պատերազմի չի հանգեցնի։ Այդպես է կարծում, ներքին համոզմունք ունի: Հակառակորդի նկրտումներին էլ լուրջ չի վերաբերվում. «Նրանց (ադրբեջանցիներին՝ հեղ.) որ լսենք՝ Զանգեզուրն էլ է իրենցը»:
Հարաբերական այս խաղաղությունն էլ գերադասում է ցանկացած ռազմական գործողությունից, համոզված է՝ սահմանի մյուս կողմում ապրողներն էլ են նույնը կամենում: «Նրանք էլ ժողովուրդ են, ոչ մի մայր չի ցանկանում, որ իր որդին զոհվի»- խոր շունչ է քաշում, ու ավարտում միտքը. «Բայց դա մեր որոշելիքը չէ»:
Իրենց որոշելիքը Ուղտասարում վերաբնակվելն էր։ Հինգ հոգով էին եկել, երկու աղջիկներն ամուսնացել են, հիմա երեքով են։ Ամուսինն ու տղան սեփական հողամասով են զբաղված, ինքն էլ քիմիայի ուսուցչուհի է 32 աշակերտ ունեցող Ուղտասարի դպրոցում։ Աշակերտների թիվն այս տարի ավելացավ հինգով, ուրախությամբ նշում է ուսուցչուհին։
Կարինե Խաչատրյանին սակայն այնքան չի մտահոգում գյուղի սահմանային լինելը, որքան այն, որ երթուղային ավտոբուսները գյուղ չեն հասնում, ու ստիպված են լինում տաքսով կամ Ստեփանակերտ հասնել, կամ էլ շրջկենտրոն՝ Ասկերան, որտեղից էլ ավտոբուսով մայրաքաղաք։
Այդ ճանապարհն ամեն ամիս պարտադիր պետք է անցնի քիմիայի ուսուցչուհին, ով «Ստեփանակերտի բանկոմատից է միայն կարողանում իր աշխատավարձի գումարը հանել»։
Գյուղ մտած վերջին երթուղայինի մասին արդեն մոռացել են։ Մի ժամանակ կար, փաստում է ու հավաստիացնում, որ խնդրի լուծումը շատ բան կփոխի գյուղացիների կյանքում. մարդիկ իրենց ապրանքը կհանեն շուկա, մայրաքաղաքից անհրաժեշտ գնումները կկատարեն. «Սահմանին էլ ենք մոտ, շրջկենտրոնին էլ, բայց նաեւ կտրված ենք, որովհետեւ տրանսպորտ չունենք, տաքսով ենք գնում, գնալ-գալու համար էլ մի քանի հազար դրամ է պահանջվում»։
Հ.Գ.-Մայրուղուց ոչ հեռու գտնվող, երբեւէ ասֆալտ չտեսած ճանապարհ ունեցող սահմանային գյուղում առաջնային է նաեւ ջրի խնդիրը. մինչ մենք զրուցում էինք գյուղացիների հետ՝ մի խումբ տղամարդիկ գյուղի տարբեր մասերում փորձում էին ջրի ստորգետնյա պաշարներ հայտնաբերել՝ հետագայում բանջարանոցները ոռոգելու համար։
Մարիամ Սարգսյան