Քառյակի հանրահավաքը՝ հոկտեմբերի 17-ին

Հանուն քառյակի պահպանման ջանքերի գործադրումը շարունակվում է: Վաղը տեղի կունենա քառյակի հերթական նիստը, որտեղ վերջնականապես պետք է որոշում կայացվի, թե երբ է տեղի ունենալու այդքան չարչրկված համատեղ հանրահավաքը: Իր վերջին ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ հանրահավաքի անցկացման օրվա շուրջ կան տարբեր առաջարկներ: Ռուստամյանը հրաժարվեց ասել, թե ինչ առաջարկներ են դրանք և ում կողմից են ներկայացվել:

Քառյակին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ իրականում համատեղ հանրահավաքի անցկացման հարցում որոշումը կայացվել է դեռ նախօրեին՝ Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ, իսկ վաղվա քառյակի նիստում ուղղակի դրան ֆորմալ բնույթ է տրվելու, որպեսզի չստացվի, այնպես որ, հարցերը որոշում են ոչ թե քառյակի անդամները, այլ նրանցից երկուսի ղեկավարները, իսկ քառյակի մյուս ներկայացուցիչներն ընդամենը կատարում են մամուլի քարտուղարի ֆունկցիա, հրապարակայնացնելով նրանց կողմից ընդունված որոշումները:

Ըստ քառյակին մոտ կանգնած մեր աղբյուրի, ԲՀԿ և ՀԱԿ ղեկավարների նախօրեի հանդիպման ժամանակ որոշվել է, որ համատեղ հանրահավաքը պետք է հրավիրել հոկտեմբերի 17-ին: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են, որ հանրահավաքը հրավիրվի հոկտեմբերի 10-ին, նկատի ունենալով որ քառյակի կողմից կառավարությանը տրված վերջնաժամկետն ավարտվում է սեպտեմբերի 30-ին: Սակայն ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդները որոշել են, որ այն տեղի կունենա մեկ շաբաթ ավելի ուշ: Վաղը քառյակի նիստում «Ժառանգության» և ՀՅԴ ներկայացուցիչներին տեղյակ կպահվի այս որոշման մասին:

Ավելի հետաքրքիր է հանրահավաքի օրակարգը: Որպեսզի այն լինի ոչ թե եռյակի, այլ քառյակի հանրահավաք, որոշվելու է, որ այս հանրահավաքի ժամանակ անդրադարձ չի լինելու սահմանադրական փոփոխություններին և դրա վերաբերյալ կուսակցություններից յուրաքանչյուր դիրքորոշմանը: Հանրահավաքը վարողն ընդամենն ասելու է, որ քառյակի անդամ երեք կուսակցություններ դեմ են իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, իսկ ՀՅԴ-ն կողմ է, և իրենք հարգանքով են մոտենում Դաշնակցության դիրքորոշմանը: Հանրահավաքի հիմնական օրակարգը նվիրված է լինելու քառյակի կողմից կառավարությանը ներկայացված 12 կետերի կատարմանը:

Կարդացեք նաև

Քառյակի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են արտահայտելու կառավարության կողմից իրենց պահանջների կատարման նկատմամբ: Նրանց դիրքորոշումն այն է, որ իրենք ի սկզբանե հասկանում էին, որ այս իշխանություններից որևէ ակնկալիք հնարավոր չէր ունենալ, բայց իրենք ներկայացրեցին նվազագույն պահանջներ, որպեսզի ցույց տան, որ իրենց միայն ինքնանպատակ չեն պայքարում հանուն իշխանության և պատրաստ էին երկրում դրական փոփոխություններ իրականացնելու համար համագործակցել կառավարության հետ: Բայց այդ փորձը դատապարտվեց ձախողման, քանի որ իշխանությունը` ի դեմս կառավարության, ցույց տվեց, որ նույնիսկ նման մանր հարցերում պատրաստ չէ գնալ զիջման, պատրաստ չէ զբաղվել հասարակությանը մտահոգող առաջնահերթ խնդիրների լուծմամբ:

Ամենակարևոր հարցը. արդյոք հանրահավաքի մասնակիցները կպահանջե՞ն կառավարության հրաժարականը, մնում է բաց, և այդ հարցում քառյակը նույնիսկ վաղը որոշում չի կայացնի: Այս հարցում դեռևս հստակություն չկա, քանի որ քառյակի կուսակցություններից երկուսը` ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», կողմ են ամբողջական իշխանափոխության պահանջ ներկայացնելուն, իսկ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ընդհանրապես չեն ցանկանում խոսել որևէ պաշտոնանկության պահանջի մասին, համարելով, որ նման պահանջներ դնելն անիմաստ է, քանի որ չկան այդ հրաժարականի կամ պաշտոնանկության պահանջներն իրագործելու կոնկրետ մեխանիզմներ: Ըստ մեր աղբյուրի` հանրահավաքին չեն մասնակցի քառյակի ղեկավարները, չնայած քառյակի անդամ որոշ կուսակցություններ դեմ չեն, որ հարթակում լինեն հենց առաջնորդները:

Այս հարցում հիմնական դժվարությունը կապված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Նրանք դեռևս պատրաստ չեն հարթակ բարձրանալ, և դժվար է ասել, թե երբևէ պատրաստ կլինե՞ն, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների դեմ եռյակի հակաքարոզարշավին, ապա այս դեպքում քարոզարշավը կիրականացնեն միայն երեք կուսակցություններ՝ առանց ՀՅԴ-ի: Առաջիկա այցերը, հնարավոր է, իրականացվեն հոկտեմբերին, երբ սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովը կհրապարակի իր կողմից պատրաստված նոր տեքստը:

Տեսանյութեր

Լրահոս